Oրվա ընթերցվածք
Եսայու մարգարեությունը 49.1-6
1 «Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա,– ասում է Տէրը:– Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի: 2 Իմ բերանը հաստատեց ինչպէս սուր սուսեր եւ ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպէս մի ընտիր նետ եւ թաքցրեց իր կապարճում: 3 Նա ինձ ասաց. “Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ”: 4 Իսկ ես ասացի. “Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծոյ առաջ է”: 5 Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ: Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու: 6 Ապա ասաց ինձ. “Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես: Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը”:
Գործք առաքելոց 20.25-38
25 Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծոյ արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26 դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27 որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնել Աստծոյ կամքն ամբողջութեամբ: 28 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզ եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: 29 Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կգան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: 30 Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թիւր բաներ կխօսեն աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար: 31 Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ առ մէկ արտասուքներով խրատեցի: 32 Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ բոլոր սրբերի հետ: 33 Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34 դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը: 35 Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. “Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը”»: 36 Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել: 37 Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզով ընկնելով՝ համբուրում էին նրան: 38 Մորմոքում էին մանաւանդ նրա այն խօսքի համար, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու: Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը:
Ավետարան ըստ Հովհաննեսի 15.17-25
17 Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: 18 Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: 19 Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: 20 Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: 21 Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: 22 Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: 23 Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. 24 եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: 25 Եւ այդ՝ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին: