Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-02-21

Պողոս առաքեալի Ա թուղթը Տիմոթեոսին 4.9-22

 

Վերջին հանձնարարություններ

 

9Շտապի՛ր շուտով գալ ինձ մոտ, 10որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։ 11Ղուկասն է միայն ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ օգտակար է ծառայության համար։ 12Տյուքիկոսին ուղարկեցի Եփեսոս։ 13Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ թողեցի Տրովադայում՝ Կարպոսի մոտ. բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։

 

14Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։ 15Նրանից դո՛ւ էլ զգուշացիր, որովհետև սաստիկ հակառակվեց մեր քարոզչությանը։

 

16Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։ 17Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։ 18Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։

 

Վերջին ողջույններ

 

19Ողջունի՛ր Պրիսկային և Ակյուղասին, ինչպես նաև Օնեսիֆորոսի ընտանիքին։ 20Երաստոսը մնաց Կորնթոսում։ Տրոֆիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ 21Աշխատի՛ր գալ ձմեռը վրա չհասած։

 

Քեզ ողջունում են Եվբուլոսը, Պուդեսը, Լինոսը և Կլավդիան, ինչպես նաև բոլոր եղբայրները։

22Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը քեզ հետ։

 

Ավետարան ըստ Հովհաննեսի 7.14-23

 

14Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ 15Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, քանի որ բնավ չի սովորել»։ 16Հիսուսը նրանց պատասխան տվեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ 17Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ 18Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա։ 19Օրենքը ձեզ Մովսեսը չտվե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ 20Ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Քո մեջ դև կա, ո՞վ է ուզում քեզ սպանել»։ 21Հիսուսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և ահա ամենքդ զարմացել եք։ 22Մովսեսը դրա համար ձեզ տվեց թլփատությունը (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ 23Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։ 24Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։