Օրվա ընթերցվածք
Իմաստություն Սողոմոնի 6.1-10
Թագավորները պետք է հետամուտ լինեն իմաստության
1Արդ, լսե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի դատավորներ։ 2Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. 3ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր խորհուրդները։ 4Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ չեք դատում, և չեք պահում նրա օրենքները և ըստ Աստծու կամքի չեք շարժվում. 5նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, 6մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։ Հզորներից ավելի շատ է պահանջվելու, 7որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տանում բոլորի նկատմամբ։ 8Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ 9Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ իշխաններ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։ 10Այն ամենը, ինչ սուրբ է, պահե՛ք սրբությամբ և կսրբվեք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։
Եսայու մարգարեություն 45.1-2
Տերը պատրաստում է Կյուրոսի ճանապարհը
1Այսպես է ասում Տերը՝ Աստված, իր օծյալ Կյուրոսին.
«Ես բռնեցի քո աջ ձեռքը,
որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ,
խորտակեմ թագավորների զորությունը,
քո առաջ բացեմ դռները,
և քաղաքները չփակվեն։
2Ես կընթանամ քո առջևից,
կհարթեցնեմ լեռները,
կխորտակեմ պղնձե դռները
և կփշրեմ երկաթե նիգերը։
Պետրոս առաքեալի Ա թուղթը 2.1-7
Կենդանի Վեմը և սուրբ ազգը
1Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն, 2իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար, 3քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։
4Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ ու թանկագին է։
5Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր. 6քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» (Ես. 28.16)։
7Ուրեմն ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին վեմ, իսկ անհավատների համար՝ «Այն վեմը, որն անարգեցին շինողները, նա եղավ անկյունաքար» (Սաղ. 117(118).22)։
Ավետարան ըստ Ղուկասի 7.1-10
Հարյուրապետի հավատը
(Մտթ. 8.5-13)
1Երբ Հիսուսը վերջացրեց իր ողջ ասելիքը ժողովրդին, մտավ Կափառնաում։ 2Այնտեղ մի հարյուրապետ կար, որի սիրելի ծառան ծանր հիվանդացել էր և մերձիմահ էր։ 3Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներ ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա և բժշկի իր ծառային։ 4Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5որովհետև նա սիրում է մեր ազգը և ժողովարանը նա շինեց մեզ համար»։ 6Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. 7դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու. այլ՝ խոսքո՛վ ասա, և իմ ծառան կբժշկվի։ 8Որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ “Գնա՛”, և գնում է, իսկ մյուսին՝ “Արի՛”, և գալիս է, և իմ ծառային՝ “Արա՛ այս բանը”, և նա անում է»։ 9Եվ երբ Հիսուսն այս լսեց, զարմացավ նրա վրա, դարձավ իրեն հետևող ժողովրդին և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա»։ 10Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային արդեն բժշկված գտան։