Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-01-15

Պողոս առաքեալի Ա թուղթը Տիմոթեոսին 2․8-3․13

 

8 Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։ 9 Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10 այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։ 11 Կինը հավաքույթի ժամանակ թող լսի և ուսանի լռությամբ և ամենայն հնազանդությամբ։ 12 Թույլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի տղամարդուն կամ հեղինակություն բանեցնի նրա վրա, այլ թող լուռ մնա, 13 որովհետև նախ Ադամն ստեղծվեց և ապա՝ Եվան։ 14 Եվ Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց և հանցանք գործեց։ 15 Բայց և այնպես նա էլ կփրկվի որդեծնության համար, եթե հարատևի պարկեշտությամբ հավատի, սիրո և սրբության մեջ։

 

Եկեղեցական առաջնորդի արժանիքները

 

1 Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ 2 Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, 3 ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին, 4 որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն 5 (այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել), 6 ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։ 7 Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։

 

Սարկավագի արժանիքները

 

8 Նույնպես և սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ոչ թե երկդիմի խոսող, գինեսեր, շահամոլ, 9 այլ պետք է մաքուր խղճով պահեն հավատի խորհուրդը։ 10 Նրանք էլ պետք է նախ փորձվեն և ապա, եթե անթերի լինեն, անցնեն ծառայության։ 11 Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։ 12 Սարկավագները պետք է լինեն մե՛կ կնոջ ամուսին, լավ վերակացու թե՛ իրենց որդիների և թե՛ իրենց տների համար, 13 որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։


Ավետարան ըստ Հովհաննեսի 2․12-22

 

12 Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։

 

Տաճարում առևտուր անողների վտարումը

(Մտթ. 21.12-13, Մրկ. 11.15-17, Ղուկ. 19.45-46)

 

13 Հրեաների Զատիկը մոտ էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ 14 Եվ տաճարում հանկարծ տեսավ արջառներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների, ինչպես նաև լումայափոխների, որոնք նստած էին։ 15 Եվ չվանից խարազան շինեց ու բոլորին տաճարից դուրս հանեց. նաև ոչխարներն ու արջառները. իսկ լումայափոխների պղնձադրամները ցիր ու ցան արեց և նրանց սեղանները շուռ տվեց։ 16 Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։ 17 Նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նկատմամբ նախանձախնդրությունն ինձ պիտի ուտի» (Սաղ. 68(69).9ա)։

 

18 Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։ 19 Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»։ 20 Հրեաները նրան ասացին. «Քառասունվեց տարում շինվեց այս տաճարը, իսկ դու երեք օրո՞ւմ ես վերականգնում այն»։ 21 Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ 22 Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այս է, որ ասել էր, և հավատացին Սուրբ Գրքին ու Հիսուսի ասած խոսքին։