Oրվա ընթերցվածք
Ավետարան ըստ Հովհաննեսի 1.18-28
Եվ Բանը մարմին դարձավ
1Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր։ 2Նա սկզբից Աստծու մոտ էր։ 3Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ 4Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ 5Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։
6Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես։ 7Սա եկավ իբրև վկա, որպեսզի վկայի լույսի մասին, և որպեսզի բոլորն էլ հավատան նրա միջոցով։ 8Նա Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին։
9Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։ 10Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ 11Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ 12Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու, նրանց, ովքեր իր անվանը կհավատան։ 13Նրանք Աստծուց ծնվեցին, և ոչ թե արյունից, մարմնի ու մարդու կամքից։ 14Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
15Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։ 16Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք, 17որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
18Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
Հովհաննես Մկրտչի վկայությունը
(Մտթ. 3.1-12, Մրկ. 1.1-8, Ղուկ. 3.1-18)
19Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես, 20նա առանց վարանելու խոստովանեց. «Ես Քրիստոսը չեմ»։ 21Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։ 22«Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպեսզի պատասխան տանենք մեզ ուղարկողներին. ի՞նչ ես ասում քո մասին»։ 23Նա ասաց.
«Ես անապատում կանչողի ձայնն եմ,
հարթե՛ք Տիրոջ ճանապարհը» (Ես. 40.3),
ինչպես ասաց Եսայի մարգարեն։ 24Եվ ուղարկվածները փարիսեցիների կողմից էին։ 25Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։ 26Յովհաննեսը պատասխան տվեց նրանց ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մեջ կա մեկը, որին դուք չեք ճանաչում, 27որ գալու է իմ հետևից, և որի կոշիկների կապերն արձակելու իսկ արժանի չեմ ես»։ 28Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։
Թուղթ եբրայեցիներին 12.18-27
18Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատած էր մեգով, մառախուղով, խավարով և մթությամբ, 19որտեղ փողն էր հնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար, 20քանի որ չէին դիմանում այն հրամանին, թե՝ թեկուզ և գազան մոտենա լեռանը, կքարկոծվի (Ելք 19.12-13)։ 21Եվ այնպես ահազդու էր տեսիլքը, որ Մովսեսն ասում էր. «Սարսափում եմ և դողում» (Բ Օր. 9.19)։ 22Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին, հրեշտակների բյուրավոր բանակներին, 23երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին 24և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։ 25Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին, 26որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. «Մեկ անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։ 27Եվ «մեկ անգամ էլ»-ը ցույց է տալիս, որ շարժված բաները պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան հաստատուն։
Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56
Մարիամի այցելությունը Եղիսաբեթին
39Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, 40մտավ Զաքարիայի տունն ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ 41Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, 42բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ. 44որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։
Մարիամի օրհներգությունը
46Իսկ Մարիամն ասաց.
«Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,
47և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,
48որովհետև նա նկատեց
իր աղախնի խոնարհ վիճակը։
Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները
ինձ երանի պիտի տան,
49որովհետև ամենազոր Աստված
մեծամեծ գործեր արեց ինձ համար,
և նրա անունը սուրբ է։
50Նրա ողորմությունը սերնդեսերունդ
իր երկյուղածների վրա է։
51Նա իր բազկով զորություն գործադրեց,
ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.
52հզորներին տապալեց իրենց աթոռներից
և բարձրացրեց խոնարհներին։
53Քաղցածներին լիացրեց բարիքներով
և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
55ինչպես ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան»։
56Ապա Մարիամը գրեթե երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և վերադարձավ իր տունը։