Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2024-12-30

Թուղթ եբրայեցիներին 7.26-8.13

 

26Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը, 27որը, ինչպես այլ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու և ապա՝ ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Քրիստոսը մեկ անգամ ընդմիշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքն իրե՛ն պատարագ մատուցեց։ 28Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություններով պատած մարդկանց, իսկ երդման խոսքը, որ Օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որ հավիտյան կատարյալ է։

 

Հիսուսը՝ մեր մեծ Քահանայապետը

 

1Իմ ասած խոսքերի գլխավորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկնքում Մեծության աթոռի աջ կողմում՝ 2որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տե՛րը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ 3Ամեն մի քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգված, ուստի պետք է նա էլ մի բան ունենա, որ մատուցի։ 4Քանզի, եթե նա երկրի վրա լիներ, թերևս քահանա չլիներ իսկ, քանի որ կան քահանաներ, որ պատարագ են մատուցում ըստ օրենքի. 5նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։ 6Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։ 7Եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։ 8Եվ ահա մեղադրում է նրանց և ասում.

«Ահավասիկ օրեր պիտի գան,- ասում է Տերը,-

և Իսրայելի տան հետ ու Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կնքեմ,

9 բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը,

երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։

Եվ որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ,

ես էլ անտարբեր եղա նրանց հանդեպ,- ասում է Ամենակալ Տերը։

10 Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ

այն օրերից հետո,- ասում է Տերը։

Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ

և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։

Ես նրանց համար Աստված պիտի լինեմ,

և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։

11 Եվ յուրաքանչյուրն այլևս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն,

ոչ էլ՝ յուրաքանչյուրն իր եղբորը՝ ասելով.

“Ճանաչի՛ր Տիրոջը”,

որովհետև ինձ բոլորը պիտի ճանաչեն՝

նրանց փոքրերից մինչև մեծերը.

12 քանզի պիտի ներեմ նրանց անիրավությունները

և նրանց մեղքերն ու անօրինությունները այլևս չպիտի հիշեմ» (Երմ. 31.31-34)։

13Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։


Ավետարան ըստ Ղուկասի  20.1-8

 

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

(Մտթ. 21.23-27Մրկ. 11.27-33)

 

1Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին և ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու դպիրները՝ ծերերով հանդերձ, 2և ասացին նրան. «Ասա՛ մեզ, դու ի՞նչ իշխանությամբ ես անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տվեց այդ իշխանությունը»։ 3Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, և դուք ինձ ասե՛ք. 4Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»։ 5Եվ նրանք իրենց մտքում խորհեցին և ասացին. 6«Եթե ասենք՝ երկնքից էր, կասի՝ իսկ ինչո՞ւ չհավատացիք նրան. և եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետև իրենց մտքում Հովհաննեսի մասին հաստատ համոզում կա, որ նա մարգարե է»։ 7Եվ պատասխան տվեցին, թե չգիտեն՝ որտեղի՛ց է։ 8Եվ Հիսուսը նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս»։