Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2024-12-23

Բ Թագավորների 5.1-10

 

Դավիթն Իսրայելի թագավոր է օծվում

(Ա Մն. 11.1-914.1-7)

 

1Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։ 2Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։ 3Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։

 

4Դավիթը երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քառասուն տարի թագավորեց. 5յոթ տարի վեց ամիս Հուդայի վրա թագավորեց Քեբրոնում և երեսուներեք տարի ողջ Իսրայելի ու Հուդայի վրա՝ Երուսաղեմում։

 

6Դավիթն իր զորքով գնաց Երուսաղեմ, այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ։ Դավթին ասացին. «Դու այստեղ չես մտնի, նույնիսկ կույրերն ու կաղերը քեզ դեմ են կանգնել և ասում են. “Դավիթն այստեղ թող չմտնի”»։ 7Դավիթը գրավեց Սիոնն ու նրա ամրոցը, որ Դավթի քաղաքն է։ 8Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել հեբուսացիներին, թող սրով հարձակվի։ Կաղերին և կույրերին ես ատում եմ»։ Դրա համար են ասում. «Կույրերն ու կաղերը չպետք է մտնեն Տիրոջ տունը»։ 9Դավիթն ապրեց ամրոցում, և այն կոչվեց Դավթի քաղաք։ Նա շուրջանակի՝ ծայրից ծայր քաղաք շինեց և իր համար էլ՝ տուն։ 10Դավիթը գնալով հզորանում էր, և Ամենակալ Տերը նրա հետ էր։


Գ Թագավորների 2.1-11

 

Դավթի վերջին հրահանգները Սողոմոնին

 

1Երբ մոտեցան Դավթի մահվան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց. 2«Ես բռնում եմ այն ճանապարհը, որ սպասում է բոլորին, դու զորացի՛ր, վարվի՛ր իբրև տղամարդ, 3պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։ 4Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։ 5Դու ինքդ գիտես, թե Շարուհիի որդի Հովաբն ի՛նչ է արել ինձ, ի՛նչ է արել Իսրայելի երկու զորապետներին՝ Ներեի որդի Աբեններին և Հեթերի որդի Ամեսայիին։ Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակվա պես արյուն թափեց, իր կյանքում անպարտ արյուն թափեց՝ ներկելով իր մեջքն ու կոշիկները։ 6Գործի՛ր իմաստնությամբ և մի՛ թող, որ նրա ալևոր մազերը խաղաղությամբ գերեզման իջնեն։ 7Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։ 8Ահա քեզ հետ է բավուրիմացի Հեմինի որդի Գերայի որդի Սեմեին։ Նա ծանր անեծքներով անիծել է ինձ այն օրը, երբ գնում էի Մաանայիմ։ Նա Հորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկավ, և ես, Տիրոջ անունով երդվելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”։ 9Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։

 

Դավթի մահը

(Ա Մն. 29.26-30)

 

10Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։ 11Դավիթն Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի. Քեբրոնում թագավորել էր յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։


Եզեկիելի մարգարեություն 34.23-28

 

23ու նրանց վրա մի հովիվ եմ կարգելու՝ իմ ծառա Դավթին, և նա հովվելու է նրանց։ Նա է նրանց համար հովիվ լինելու, 24իսկ ես՝ Տերս, նրանց Աստվածն եմ լինելու, իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ։ Ես՝ Տերս, խոսեցի։ 25Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։ 26Իմ լեռան շուրջը նրանց օրհնություն եմ տալու, ձեզ էլ անձրև եմ տալու. և անձրևներն օրհնաբեր են լինելու։ 27Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից, 28ու այլևս նրանք ավար չեն դառնալու ազգերի մեջ, այլևս երկրի գազանները նրանց չեն ուտելու։ Ապրելու են ապահով։ Ոչ ոք չի լինելու, որ նրանց սարսափեցնի։ 


Ավետարան ըստ Մատթեոսի 22.41-46

 

Ո՞ւմ որդին է Քրիստոսը

(Մրկ. 12.35-37Ղուկ. 20.41-44)

 

41Երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց 42և ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին. «Դավթի»։ 43Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում.

 

44 “Տերն իմ Տիրոջն ասաց.

նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև քո թշնամիներին դնեմ

իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։

 

45Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, Քրիստոսն ինչպե՞ս նրա որդին կլինի»։ 46Ոչ ոք նրան չկարողացավ պատասխան տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։

 

Հակոբոս առաքյալի թուղթը 1.1-12

 

Ուղերձ և ողջույն

 

1 Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։

 

Հավատ և իմաստություն

 

2 Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. 3 իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, 4 իսկ համբերությունը թող լիառատ արդյունք տա, որպեսզի անթերի և կատարյալ լինեք ու ոչ մի բանով պակաս չլինեք։

 

5 Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։

 

6 Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։

 

7 Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ, 8 քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։

 

Աղքատություն և հարստություն

 

9 Աղքատ եղբայրը թող պարծենա բարձրանալիս, 10 իսկ հարուստը՝ իր խոնարհության մեջ, քանի որ խոտածաղկի պես պիտի անցնի։ 11 Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։

 

12 Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։