Օրվա ընթերցվածք

Օրվա ընթերցվածք

  •    2024-10-15

Զաքարիայի մարգարեությունը 8.1-3

 

Տերը խաղաղություն և բարօրություն է խոստանում Սիոնին
 
1Եվ Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.
2«Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար
և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար”։
3Այսպես է ասում Տերը.
“Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում.
Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք


Գործք առաքելոց 9.1-22

Սողոսի դարձը
 
1Իսկ Սողոսը, որ տակավին Տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով էր լցված, քահանայապետի մոտ եկավ 2և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։ 3Եվ ճանապարհին՝ Դամասկոսին մոտենալիս, հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ 4Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ 5Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ 6Իսկ հիմա ոտքի՛ ել ու մտի՛ր այդ քաղաքը. քեզ կասվի, թե ի՛նչ պետք է անես»։ 7Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ 8Սողոսը գետնից վեր ելավ, սակայն բաց աչքերով ոչ ոքի չէր տեսնում։ Նրան ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ 9Երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերավ, ո՛չ էլ խմեց։
 
10Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Տերը տեսիլքի մեջ նրան ասաց՝ Անանիա՛։ Նա ասաց. «Այստեղ եմ, Տե՛ր»։ 11Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։ 12Սողոսն էլ տեսիլքի մեջ տեսավ Անանիա անունով մի մարդու, որ մտավ և ձեռքն իր վրա դրեց, որպեսզի տեսնի։ 13Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին. 14և այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կրում»։ 15Տերը նրան ասաց. «Դու գնա՛, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների և Իսրայելի որդիների առաջ. 16քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքա՜ն պետք է չարչարվի իմ անվան համար»։ 17Անանիան գնաց և մտավ այն տունը և ձեռքը դնելով Սողոսի վրա՝ ասաց. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. ինձ Տերն ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։ 18Եվ իսկույն նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին. տեսնում էր։ Անմիջապես ոտքի ելավ ու մկրտվեց։ 19Եվ սնունդ ընդունելով՝ զորացավ ու Դամասկոսում մի քանի օր շարունակ աշակերտների հետ էր։
 
Սողոսի քարոզչությունը Դամասկոսում
 
20Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց՝ ասելով, որ նա է Աստծու Որդին։ 21Նրան լսողներն ամենքն էլ զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղեմում հալածում էր Քրիստոսի անունը կրողներին, և այստեղ էլ նույն բանի համար էր եկել, որպեսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։ 22Բայց Սողոսն առավել ևս էր զորանում և նեղն էր դնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով, որ սա է Քրիստոսը։ 


Ավետարան ըստ Ղուկասի 9.1-6

 

Տասներկուսի առաքելությունը

(Մտթ. 10.5-15Մրկ. 6.7-13)

 

1Կանչելով տասներկու առաքյալներին՝ նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և բժշկելու հիվանդությունները։ 2Եվ ուղարկեց նրանց քարոզելու Աստծու արքայությունը և բժշկելու ախտերով վարակվածներին։ 3Եվ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրեք. ո՛չ գավազան և ո՛չ մախաղ, ո՛չ հաց և ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցեք։ 4Որ տունը մտնեք, այնտե՛ղ գիշերեք և ապա այնտեղից գնացե՛ք։ 5Եվ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպես վկայություն նրանց դեմ՝ ձեր ոտքերի փոշին թոթափե՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնեք»։ 6Եվ նրանք ելան ու շրջում էին քաղաքներում և գյուղերում, ավետարանում էին և բժշկում ամեն տեղ։