Հիվանդանոցի պատը

Հիվանդանոցի պատը

Երկու ծանր հիվանդ մարդիկ բուժվում էին միևնույն հիվանդասենյակում: Նրանցից մեկին թույլատրված էր կեսօրից հետո օրական մեկ ժամ նստել անկողնում: Նրա մահճակալը սենյակի միակ պատուհանի մոտ էր: Մյուս հիվանդն ամբողջ օրը պիտի մնար մեջքի վրա պառկած, նստել չէր կարելի: Հիվանդները ժամերով զրուցում էին, պատմում իրենց ընտանիքների, կանանց, զավակների, աշխատանքի մասին:

Ամեն օր կեսօրին, երբ պատուհանի մոտ պառկած հիվանդը նստում էր, հարևանին նկարագրում էր դրսի անցուդարձը: Մյուս հիվանդը սկսել էր ապրել՝ սպասելով այդ ժամերին, երբ աշխարհն իր աշխույժ եռուզեռով և գույներով հառնում էր աչքերի առաջ. ահա պատուհանից այն կողմ այգին՝ սքանչելի լճով, որում լողում էին սագեր ու բադեր, երեխաները նավարկում նավակներով, երիտասարդ սիրահարները զբոսնում էին երփներանգ ծաղիկներով լեցուն այգում միմյանց ձեռքերը բռնած, հեռվում երևում էր երկնքի լազուրը: Երբ պատուհանի մոտ պառկած հիվանդը նկարագրում էր այդ ամենն ամենայն մանրամասներով, մյուս հիվանդը փակում էր աչքերը և պատկերացնում այդ գեղեցիկ տեսարանը:
Մի օր պատուհանի մոտ պառկած հիվանդը նկարագրեց անցնող շքերթը, ու թեև մյուս հիվանդը չէր լսում նվագախմբի ձայնը, տեսնում էր շքերթը: Մտովի նա պատկերացնում էր այն ամենն, ինչ պատկերավոր նկարագրում էր հարևանը:
Օրերն ու շաբաթներն անցնում էին:
Մի առավոտ դայակը ջուր բերեց, որպեսզի հիվանդները լվացվեին, և տեսավ, որ պատուհանի մոտ պառկած հիվանդը կյանքից խաղաղ և աննկատ հեռացել էր քնած ժամանակ: Նա տխրեց, կանչեց հիվանդանոցի աշխատակիցներին, և հանգոււցյալի մարմինը դուրս տարան:
Մյուս հիվանդը խնդրեց հնարավորության դեպքում իրեն տեղափոխել պատուհանի մոտ, և նրա խնդրանքը կատարվեց:
Հավաքելով ուժերը հաղթահարելով ցավը, մարդը դանդաղ հենվեց արմունկներին և փոքր-ինչ վեր բարձրացավ՝ վերջապես տեսնելու իրական աշխարհը, թեքեց գլուխը, և հայացքը դեմ առավ պատի… Նա հարցրեց դայակին, թե ինչն էր ստիպել իր հարևանին այնքան հրաշալիորեն նկարագրել դրսի աշխարհը:
- Նա կույր էր և չէր կարող տեսնել անգամ պատը: Թերևս այդպես է վարվել ձեզ քաջալերելու համար, - պատասխանեց դայակը:

  • 2021-08-09
×