Մարդու իմաստությունը

Մարդու իմաստությունը

Մի գյուղացի կար, ով մտածում էր, որ եթե ինքը կարգավորեր եղանակը, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: «Ցորենն ավելի արագ կհասունանար, հասկերում ցորենն ավելի շատ կլիներ», - մտածում էր նա:

Աստված կռահեց նրա միտքը և ասաց նրան.
- Քանի որ կարծում ես, թե դու ավելի լավ գիտես, թե երբ ինչ եղանակ է պետք, ապա ինքդ էլ ստանձնիր այդ գործը:
Գյուղացին շատ ուրախացավ և գործի անցավ: Նա անմիջապես ցանկացավ արևոտ եղանակ: Երբ հողը չորացավ, նա ցանկացավ, որ գիշերն անձրև տեղա: Այդ տարի ցորենն աճում էր այնքան լավ, ինչպես երբեք չէր եղել: Մարդիկ շատ էին ուրախացել, իսկ գյուղացին մտածում էր. «Հիանալի է, այս տարի ամեն ինչ լավ է՝ թե եղանակը, թե բերքը: Այսպիսի հասկեր ես երբեք չեմ տեսել»:
Աշնանը, երբ դաշտը դեղնեց, գյուղացին գնաց ցորենը հավաքելու: Սակայն ինչպիսի հիասթափություն. հասկերը դատարկ էին: Նրա հնձածը միայն ծղոտ էր:
Գյուղացին սկսեց տրտնջալ և բողոքել Աստծուն, որ բերքն անպիտան էր:
- Բայց չէ՞ որ դու էիր պատվիրում եղանակը քո հայեցողությամբ, - պատասխանեց Արարիչ Աստված:
- Այո, հերթով պատվիրեցի անձրև, արև, արեցի այնպես, ինչպես պետք է, - ասաց գյուղացին: Սակայն, չեմ հասկանում, թե հասկերն ինչո՞ւ են դատարկ:
- Իսկ քամու մասին դու մոռացար, և այդ պատճառով էլ ոչինչ չստացվեց: Քամին անհրաժեշտ է փոշին մի հասկից մյուսը տանելու համար: Այդ ժամանակ հատիկը բեղմնավորվում է, և ստացվում է լավ, հասուն հասկ, իսկ առանց դրան բերք չի լինում:
Գյուղացին ամաչեց և մտածեց. «Ավելի լավ է, որ Տեր Աստված կառավարի եղանակը: Այլապես մենք մեր «իմաստությամբ» բնության մեջ ամեն ինչ կխառնենք:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×