Սարգիսը պատերազմից վերադարձավ 1949թ: Այն ժամանակներում ճանապարհներին հանդիպում էին նրա նման զինվորներ, ովքեր նույնպես շտապում էին տուն հասնել, հարազատներին գրկել…
Սակայն տունդարձին Սարգսին տխուր լուր էր սպասում. իմացավ, որ երիկամների հիվանդության պատճառով մորը տեղափոխել են հիվանդանոց: Թեև մորն անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերվել էր, սակայն ապաքինման համար պահանջվում էր արյան անհապաղ փոխներարկում, այլապես նա չէր ապրի անգամ մինչև հաջորդ առավոտ:
Սակայն արյան փոխներակումը նույնպես մեծ խնդիր էր, քանի որ մոր արյան խումբը հազվադեպ էր՝ երրորդ խումբ, բացասական ռեզուս: Մինչդեռ 1940-ական թվականների վերջերին դեռևս չկային արյան բանկեր կամ արյուն մատակարարող հատուկ ծառայություններ: Ընտանիքի բոլոր անդամներն արյուն հանձնեցին, սակայն ոչ ոքի արյան խումբը չէր համապատասխանում: Հույս չկար, որ մայրը կապրեր…
Սարգիսն արցունքն աչքերին գնաց հարազատներին բերելու՝ մորը հրաժեշտ տալու համար:
Ճանապարհին մեքենայով ընթանալիս նա հանդիպեց մի զորացրված զինվորի: Վշտաբեկ՝ ցանկացավ անցնել հեռանալ, սակայն ներքուստ ինչ-որ բան ստիպեց արգելակել մեքենան և զինվորին հրավիրել՝ նստելու: Որոշ ժամանակ նրանք լուռ ընթանում էին: Ապա զինվորը, նկատելով Սարգսի արցունքները, հետաքրքրվեց, թե ինչ էր պատահել:
Դառնացած՝ Սարգիսն անծանոթին պատմեց մոր հիվանդության, արյան փոխներարկման համար անհրաժեշտ դոնոր գտնելու զուր ջանքերի մասին, և մինչ նա խոսում էր, անծանոթը ծոցից դուրս բերեց իր զինվորական մեդալյոնը և ցույց տվեց նրան. մեդալյոնի վրա նշված էին անծանոթի արյան տվյալները՝ երրորդ խումբ, բացասական ռեզուս: Վայրկյաններ անց մեքենան սլանում էր հիվանդանոց:
Սարգսի մայրն ապաքինվեց և ապրեց ևս 25 տարի: Ընտանիքի անդամներից ոչ ոք չիմացավ անծանոթ զինվորի անունը: Եվ արդյո՞ք նա սովորական շարքային զինվոր էր, թե՞ հրեշտակ՝ զինվորական համազգեստով: Երբեմն մենք չենք էլ կասկածում, որ պատեհ պահին Ամենակարող Տերն է հրաշքներ գործում մեր կյանքում:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը