Թիթեռը

Թիթեռը

Մի օր մի մարդ տուն բերեց թիթեռի բոժոժը և սկսեց հետևել դրան: Եկավ ժամանակը, և բոժոժը սկսեց կամաց-կամաց բացվել: Նորածին թիթեռնիկը մի քանի ժամ փորձում էր դուրս պրծնել առաջացած նեղ ճեղքից, սակայն՝ ապարդյուն, և շուտով թիթեռնիկը դադարեցրեց պայքարը: Կարծես թե նա արդեն դուրս էր եկել, որքան կարող էր, և բոժոժից դուրս գալու ուժ էլ բոլորովին չկար: Այդ ժամանակ մարդը որոշեց օգնել խեղճ թիթեռնիկին, և վերցնելով մկրատը, մի փոքր կտրեց բոժոժը: Թիթեռնիկը հեշտությամբ դուրս եկավ բոժոժից: Սակայն նրա մարմինը չգիտես ինչու փքված էր, թույլ, իսկ թևերը՝ չորացած և ծռմռված:

Մարդը շարունակեց դիտել թիթեռնիկին՝ մտածելով, որ ահա ուր որ է՝ նա կուղղի թևերը, կուժեղանա այնքան, որ կկարողանա թռչել: Սակայն դա տեղի չունեցավ: Թիթեռնիկի թևերն ու մարմինը մնացին այնպես, ինչպես կային, և նա չէր կարողանում թռչել, այլ միայն սողալ. նրան վիճակված չէր թռչել:
Թիթեռնիկին օգնող մարդն իր բարությամբ և շտապողականությամբ չէր գիտակցել այն, որ նեղ բոժոժը և փոքր ճեղքից դուրս գալու համար պայքարի անհրաժեշտությունը մտածված է Տիրոջ կողմից: Միայն այդ կերպ է հեղուկը թիթեռնիկի մարմնից հոսում դեպի թևերը, և երբ նա ազատության մեջ է, արդեն պատրաստ է թռիչքի:
Շատ հաճախ պայքարն է, որ կյանքում մեզ օգուտ է բերում: Եթե Տերը թույլ տար մեր կյանքն ապրել առանց փորձությունների և դժվարությունների, ապա մենք թույլ և տկար կլինեինք: Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան կարող ենք դառնալ՝ պայքարելով: Եվ մենք երբեք չէինք հասկանա թե ինչ է թռիչքը:

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×