Լիլին և սկեսուր մայրիկը

Լիլին և սկեսուր մայրիկը

Շատ վաղուց ապրում էր մի աղջիկ` Լիլին, ով ամուսնացավ և գնաց ապրելու ամուսնու և նրա մոր հետ միասին:
Շուտով Լիլին հասկացավ, որ բոլորովին չէր կարող լեզու գտնել սկեսուր մայրիկի հետ. նրանք բնույթով տարբեր էին, Լիլիին խիստ զայրացնում էին սկեսրոջ շատ սովորույթներ, իսկ նա էլ մշտապես քննադատում էր Լիլիին:
Օրերն ու շաբաթներն անցնում էին, Լիլին և սկեսուր մայրիկը շարունակ վիճում ու կռվում էին: Դրությունն առավել վատթարացնում էր այն հանգամանքը, որ ըստ հինավուրց ավանդույթի Լիլին պետք է հնազանդվեր սկեսուր մայրիկին և կատարեր նրա բոլոր ցանկությունները: Ընտանեկան վեճերն ու անհաշտությունն անշուշտ խիստ վշտացնում էին Լիլիի ամուսնուն:
Ի վերջո, Լիլին այլևս ի վիճակի չէր հանդուրժել սկեսրոջ վատ վերաբերմունքը և բռնակալ դիրքը և որոշեց մի ելք գտնել:
Լիլին գնաց հոր ընկերոջ մոտ, ով դեղաբույսեր էր վաճառում: Լիլին նրան բացատրեց իրավիճակը և խնդրեց ինչ-որ թույն, որի միջոցով ինքը կկարողանար մեկընդմիշտ լուծել իր խնդիրը: Մարդը փոքր-ինչ մտածեց և ասաց.
- Լիլի, ես քեզ կօգնեմ խնդիրդ լուծել, բայց դու պետք է լսես ինձ և հնազանդվես:
- Ես կանեմ, ինչ դուք կպատվիրեք, - խոստացավ Լիլին:
Մարդը բերեց դեղաբույսերի մի փաթեթ և Լիլիին ասաց.
- Սկեսուր մայրիկից ազատվելու համար դու չես կարող օգտագործել արագ ներգործող թույն, որովհետև դա մարդկանց մոտ կասկած կառաջացնի: Դրա համար ես քեզ կտամ մի քանի խոտաբույսեր, որոնք դանդաղ ներգործություն կունենան: Ամեն օր պատրաստիր որևէ համեղ կերակուր և այդ խոտաբույսերից մի քիչ ավելացրու նրա ճաշի մեջ: Որպեսզի նրա մահվան դեպքում ոչ ոք քեզ չկասկածի, դու պետք է շատ զգույշ լինես և նրա հանդեպ շատ բարեհամբույր վերաբերմունք դրսևորես: Մի վիճիր նրա հետ, հնազանդվիր նրա ցանկություններին և վարվիր նրա հետ, ինչպես թագուհու հետ: Լիլին շատ ուրախ էր: Նա շնորհակալություն հայտնեց և շտապեց տուն` իրականացնելու իր մտադրությունը:
Անցնում էին շաբաթներն ու ամիսները, Լիլին սկեսուր մայրիկին ամեն օր մատուցում էր հատուկ պատրաստված կերակուրներ: Նա հիշում էր հոր ընկերոջ խրատները և զսպում զայրույթը, հնազանդվում սկեսուր մայրիկին և վարվում այնպես, ինչպես կվարվեր իր մոր հետ: Վեց ամիս անց տանն իրավիճակը լիովին փոխվել էր:
Լիլին այնպես էր վարժվել զսպել իր զայրույթը, որ այլևս չէր վիճում սկեսուր մայրիկի հետ, ով կարծես թե բարիացել էր, և արդեն ավելի հեշտ էր նրա հետ լեզու գտնելը:
Մյուս կողմից էլ սկեսուր մայրիկի վերաբերմունքը Լիլիի հանդեպ փոխվել էր, նա սկսել էր սիրել Լիլիին այնպես ինչպես կսիրեր իր հարազատ դստերը: Լիլիի ամուսինը շատ ուրախ էր` տեսնելով դրական փոփոխությունները:
Եվ ահա մի օր Լիլին եկավ հոր ընկերոջ մոտ և ասաց.
- Ես այլևս չեմ ուզում սպանել սկեսուր մայրիկիս: Նա փոխվել է դեպի լավը և ես սիրում եմ նրան հարազատ մորս պես: Ես չեմ ուզում, որ նա մահանա իմ տված թույնից: Օգնեք ինձ:
Մարդը ժպտաց և ասաց.
- Լիլի, անհանգստանալու կարիք չկա: Ես քեզ թույն չեմ տվել: Իրականում այն խոտաբույսերը, որոնք տվել եմ, առողջությանը նպաստող վիտամիններ են: Թույնն առկա էր միմիայն քո մտքում և նրա հանդեպ քո վերաբերմունքում, սակայն այն չեզոքացվեց նրա հանդեպ քո ունեցած սիրով:

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×