Ընտանիքի հայրը մահացել էր տարիներ առաջ` թողնելով մորն ու դպրոցահասակ յոթ զավակներին միայնակ ու առանց նյութական միջոցների: Երկու ավագ դուստրերն ամուսնացել էին, որդիներից երկուսը հեռացել տանից` դրամ վաստակելու, մնացել էր մայրը որդու և երկու դուստրերի հետ:
Ս. Զատկի տոնից մեկ ամիս առաջ տեղի եկեղեցու հոգևոր հովիվը հայտարարեց, թե համայնքը մտադիր էր տոնի առթիվ օգնել աղքատ մի ընտանիքի, և բոլորին հորդորեց միջոցներ խնայել` օգնելու նպատակով:
Երբ ընտանիքի անդամները տուն հասան, սկսեցին քննարկել, թե ինչով կարող էին օգնել կարիքավորներին: Որոշեցին կարտոֆիլ գնել և ամբողջ ամիս սնվել դրանով` գումար խնայելու համար: Ապա մտածեցին պակասեցնել տան լուսավորությունը և չունկնդրել ռադիո: Ի լրումն, կընդունեին դայակության և տների ու բակերի մաքրման աշխատանքների բոլոր առաջարկները` այդպիսով ևս գումար վաստակելով: Կարող էին նաև թել գնել և խոհանոցային բռնիչներ ու թաթմաններ հյուսել` վաճառքի համար: Իսկույն գործի անցան: Դա ամենալավ ամիսն էր ընտանիքի կյանքում:
Ամեն օր նրանք հաշվում էին, թե որքան գումար են խնայել: Երեկոյան զրուցում էին, պատկերացնում, թե որքան կուրախանար ընտանիքը` ստանալով եկեղեցու հանգանակած օգնությունը: Համայնքն ուներ ութսուն անդամ, ուստի հավաքված գումարը պիտի որ զգալի լիներ, չէ՞ որ տեր հայրն ամեն կիրակի բոլորին հիշեցնում էր հանգանակության մասին:
Ս. Զատկի տոնի նախօրեին մայրն ու զավակները շատ հուզված էին, նրանք խնայել էին յոթանասուն դոլար` կարիքավորներին օգնելու համար, թեև տոնի առթիվ անգամ նոր հագուստ չունեին:
Հաջորդ օրը նրանք անհամբեր սպասում էին եկեղեցի գնալուն` չնայած ուժեղ անձրևին ու անձրևանոց չունենալուն, իսկ եկեղեցին էլ` տանից բավական հեռու լինելուն: Եկեղեցում նրանք շատ ուրախ էին, նոր հագուստներով ընկերների համեմատ շատ ավելի վատ հագնված լինելով` իրենց հարուստ էին զգում և երջանիկ էին:
Պատարագից հետո ընտանիքը տեր հորը փոխանցեց խնայած գումարը:
Տանը զավակներին անակնկալ էր սպասվում. մայրը կարողացել էր զավակների համար կարտոֆիլից բացի հավկիթ գնել և ներկել` տոն պարգևելով նրանց:
Երեկոյան կողմ տեր հայրը թակեց նրանց դուռը, և րոպեներ անց ճանապարհելով տեր հորը` մայրը վերադարձավ` ձեռքին մի ծրար: Զավակների հարցին` թե ի՞նչ ասաց տեր հայրը և այդ ի՞նչ ծրար էր նրա ձեռքին, մայրը չպատասխանեց: Նա պարզապես բացեց ծրարը, որում կար ութսունյոթ դոլար:
Ոչ ոք ոչինչ չասաց, բոլորը լուռ նստած էին` հայացքները հառած հատակին: Նրանք այն զգացողությունն ունեին, թե միլիոնատիրոջից դարձել էին սնանկ: Նրանք միշտ երջանիկ և հարուստ էին եղելª ունենալով այնպիսի ծնողներ, ինչպիսին իրենց մայրն էր և ինչպիսին իրենց երջանկահիշատակ հայրն էր եղել, նաև` ջերմ ու հոգատար եղբայրներ ու քույրեր: Նրանք միշտ պատրաստ էին կիսել վերջին պատառը և երբեք չէին մտածել, թե աղքատ են:
Այդ օրը նրանք հասկացան, որ աղքատ են: Տեր հայրը գումարը բերել էր իրենց ընտանիքին, հետևաբար իրենք աղքատ էին: Նոր միայն նկատելով իրենց մաշված հագուստը և կոշիկները, նրանք ամաչում էին. չէ՞ որ հավանաբար բոլորն արդեն գիտեն, որ իրենք աղքատ են: Ամաչում էին` մտածելով դպրոց կամ եկեղեցի գնալու, կամ էլ ընդհանրապես տանից դուրս գնալու մասին:
Երկար լուռ նստելուց հետո նրանք պառկեցին քնելու: Հաջորդ շաբաթվա ընթացքում բոլորովին չխոսեցին հանգանակության մասին, չգիտեին` ի՞նչ անել այդ գումարը: Կիրակի եկեղեցի գնալու ցանկություն չկար, սակայն մայրն ասաց, որ պետք էր գնալ:
Եկեղեցում այդ կիրակի այցելու քահանա կար: Քարոզի ընթացքում նա հայտնեց, որ Աֆրիկայի ծխերից մեկում կառուցվել էր մի փոքրիկ եկեղեցի, որը տանիք չուներ, և այդ նպատակով գումար էր անհրաժեշտ. թերևս հարյուր դոլարը բավարար կլիներ: Նա դիմեց համայնքի անդամներին. արդյո՞ք հնարավոր էր օգնել նրանց:
Ընտանիքի անդամները միմյանց նայեցին և շաբաթվա ընթացքւմ առաջին անգամ ժպտացին: Մայրն իսկույն պայուսակից հանեց ծրարը և փոխանցեց զավակներին, նրանք էլ` այցելու քահանային: Երբ պատարագի ավարտին նա կրկին խոսեց` շատ հուզված էր, քանի որ այդ փոքր համայնքից չէր պասում ստանալ այդքան գումար:
- Երևում է` ձեր համայնքում կան հարուստ մարդիկ, քանի որ հավաքվել է հարյուր դոլարից քիչ ավելի, - ուրախությամբ ասաց նա:
Հանկարծ ընտանիքի անդամների գիտակցությանը հասավ մեկ բան. «հարյուր դոլարից քիչ ավելի» գումարի ութսունյոթ դոլարն իրենց նվիրատվությունն էր:
Ահա թե ինչ. ուրեմն, իրենք էին իրենց համայնքի հարուստ ընտանիքը: Չէ՞ որ այդպես էր ասել այցելու քահանան: Ուրեմն, այդ օրվանից սկսած նրանք այլևս աղքատ չէին…
Հեղինակ՝ Էդդի Օգան
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը