(Իրական պատմություն)
Հյուսիսային Գերմանիայի Վայնսբերգի ամրոցում բնակվող կանայք մեծ հարստություն ունեին՝ շատ արծաթ, ոսկի, ադամանդ և թանկարժեք այլ քարեր:
1141թ. Հռոմեական կայսրության Կոնրադ Երրորդ կայսրը որոշեց գրավել Վայնսբերգի ամրոցը: Ամրոցում կուտակված հարստությանն ու գանձերին վտանգ էր սպառնում: Թշնամին պաշարել էր քաղաքը, սակայն բնակչությունը չէր հանձնվում:
Զայրացած պաշարվածների համառությունից՝ կայսրը կանանց հրամայեց իրենց զավակների հետ միասին հեռանալ քաղաքից: Կանանց համար շատ դժվար էր բաժանվել իրենց հարստությունից, ուստի նրանք խնդրեցին կայսերը թույլ տալ իրենց հետ վերցնել այն ամենաարժեքավոր բանը, որը նրանք կկարողանային պահել իրենց ձեռքերում:
Կայսրը համաձայնվեց: Ամրոցի դռները բացվեցին…
Վայնսբերգի հավատարիմ կանանցից յուրաքանչյուրն իր ձեռքերում պահել էր իր ամուսնուն, քանզի բոլորն էլ լավ գիտեին, թե թանկարժեք գանձերից որն էր ամենակարևորը: Ականատես լինելով այդ տեսարանին՝ կայսրական բանակի զինվորներն արտասվեցին: Կայսրը ստիպված էր հաշտություն կնքել. նա գիտեր, որ շատ բան կախված է հավատարիմ կանանցից:
«Կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում» (Ա Տիմ. 3:11):
«Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով» (Առակ. 14:1):
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը