Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ` գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով` համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորն իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:
Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին`թագավորն ասաց.
- Գնահատեցեք և ընտրեցեք չորս կնքած արկղներից որն ուզում եք:
Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով՝ տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։
Թագավորն ասաց.
- Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, ով ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։
Սմբատ սարկավագ Խանվելյանի «Օրվա առակը» շարքից