Կեղծ աստվածպաշտը

Կեղծ աստվածպաշտը

Մի կին կեղծ աստվածպաշտությամբ էր ապրում. գիշերուզօր աղոթում էր և անդադար ուխտատեղիներ այցելում: Այսպիսի կերպարանված առաքինությամբ ապրելով` մարդկանցից բազմաթիվ իրեր էր վերցնում և մշտապես շատ ոսկեղեն հավաքում, և ինչ որ աստվածասեր քրիստոնյաները տալիս էին՝ քրիստոնյա գերիներին ազատելու համար, նա քսակի մեջ էր դնում, իսկ ինչ տալիս էին կարոտյալների պետքերի համար, արկղի մեջ էր պահում: Այդ կինն իր սենյակում խորը փոս էր փորել, այնտեղ մի մեծ կարաս տեղադրել: Իրեն տրված իրերն այդտեղ էր պահում, վրան էլ քար դնում: Ավաղ, անիծյալ ագահությանը, թե ինչպես է կուրացնում մարդկանց և խավարն ընկղմում: Բայց կարճ ասած` երբ կարասը լցվեց դրամով, և կնոջ մահվան ժամանակն էլ հասավ, ինչպես որ մեռած էր աստվածատուր հոգով, նաև մարմնով մեռավ ու թաղվեց: Թաղման արարողակարգից հետո քահանաները կնոջն սպասավորած աղջկան հարցրին.
- Քո տիկինն ի՞նչ էր անում այդքան դրամը, որ նրան էին տալիս:
Նա էլ պատասխանեց.
- Երբեք չեմ տեսել, որ աղքատներին ինչ-որ բան տար, և չգիտեմ, թե որտեղ էր պահում այն դրամը, որ մարդկանցից էր վերցնում: Միայն գիտեմ, որ ինչ նրան տալիս էին, սենյակ էր տանում և այլևս դուրս չէր հանում: Քահանաները, այս լսելով, զարմացան և փութաջանորեն սկսեցին փնտրել և ահա լսեցին դրամի ձայնը: Քարը գլորելով` մեծ քանակությամբ դրամ գտան և, զարմանալով կնոջ խորամանկության վրա, այս ամենը հայտնեցին եպիսկոպոսին: Իսկ եպիսկոպոսը, սաստիկ բարկանալով, հրամայեց բացել գերեզմանը և ամբողջ դրամը թափել մեռած մարմնի վրա` ասելով.
- Ինչ հավաքեցիր, քեզ թող լինի, իսկ Քրիստոսի աղքատներին ոչինչ թող չպակասի:
Դրանից հետո մի քանի գիշեր գերեզմանից ձայներ էին լսվում և սաստիկ լաց ու կոծ: Եվ այս ողբերի մեջ պարզ լսելի եղավ հետևյալ ձայնը. «Վայ ինձ` եղկելիիս, վայ ինձ` ամենաթշվառիս, քանզի այս ոսկին այրում և տոչորում է ոսկորներս»: Այսպիսի ձայներ լսվեցին երեք գիշեր ու ցերեկ: Եվ շրջակա մարդիկ, չկարողանալով տանել այն, գնացին քահանայի մոտ և նրա հրամանով բացելով տապանը` տեսան, թե ինչպես էր ոսկին հալվել, կարծես հնոցի մեջ, իսկ կնոջ բերանը՝ պատվել կրակե բոցով: Այնժամ քահանան աղոթեց Աստծուն, որ նրա մարմնի տանջանքները թեթևանան, որովհետև նրա չարությունը հայտնի էր դարձել մարդկանց առ ի զգուշություն: Այնուհետև ծածկեցին գերեզմանը, և կնոջ ձայնն այլևս չլսվեց:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007

  • 2021-08-09
×