Երեք ծառերը

Երեք ծառերը

Մի բլրի գագաթի ապրում էին երեք ծառ։ Մի օր, զրույցի բռնված՝ սկսեցին խոսել իրենց երազանքների և իրենց հույսերի մասին։ Նրանցից առաջինն ասաց. «Ես կուզեի մի օր դառնալ թանկագին գանձեր պարունակող տուփ: Ինձ թանկագին քարերով կզարդարեին և ամեն ոք ինձնով կզմայլվեր»։
Երկրորդ ծառն ասաց. «Ես կկամենայի մի հոյակապ առագաստանավ դառնալ: Կուզեի թագավորներ ու թագուհիներ տանել ծովերի միջով մինչև աշխարհի ամենահեռավոր ծայրերը»։
«Ես երազում եմ մեծանալ այնքան, որ դառնամ ամբողջ անտառում ամենաբարձրն ու ամենադիմացկունը»,- ասաց երրորդ ծառը։ «Բոլոր մարդիկ, ինձ տեսնելով և ճյուղերովս հիանալով՝ իրենց մտքերն ու հոգիները կբարձրացնեին դեպի երկինք և դեպի Աստված՝ տեսնելով, թե ես որքան մոտիկ եմ Նրան»։
Մի օր փայտահատները եկան անտառ և տեսան երեք ծառերը։ Նրանցից մեկը նայեց առաջին ծառին և ասաց. «Այո, սա իսկապես դիմացկուն փայտ է, կկարողանամ հյուսնին վաճառել»։
Փայտահատներից մի ուրիշը ասաց երկրորդ ծառի վերաբերեալ. «Սրա փայտն իրոք պինդ ու ամուր է, կկարողանամ նավաշինական արհեստանոցին վաճառել»։
Երրորդ ծառը սարսափահար էր, որովհետև գիտէր, որ եթե կտրվեր, երբեք չպիտի կարողանար իրականացնել իր երազանքը։ Երրորդ փայտահատն ասաց. «Հետո կորոշեմ ՝ թե սրանից ինչ կարող եմ պատրաստել։ Բայց մինչ այդ, նախ կտրեմ»։
Երբ առաջին ծառը վաճառվեց հյուսնին, վերջինս նրա փայտով մի արկղ պատրաստեց։ Երբ արդեն հին էր, արկղը մի քարայրում դրին, ուր, կենդանիներին կերակրելու համար նրա մէջ ծղոտ լցրեցին։ Թանկարժեք քարեր պարունակելու երազանքը չքացել էր։
Երկրորդ ծառից ձկնորսական մի փոքրիկ նավակ պատրաստեցին։ Փառահեղ առագաստանավ դառնալու և թագավորներ ու թագուհիներ տեղափոխելու երազանքը անէացել էր։
Երրորդ ծառը կտրտվեց ու պահեստավորվեց՝ անձկությամբ սպասելով փայտահատի որոշմանը։
Տարիներն անցան, և ծառերը մոռացան իրենց երազանքները։
Մի օր, մի այր ու մի կին կանգ առան քարայրում գիշերելու։ Կինը հղի էր և երկունքը մոտ էր։ Նա մի որդի ծնեց, որին պառկեցրին ծղոտով լի արկղի մէջ։ Ծառը հասկացավ, որ արժանացել էր իր գիրկն ընդունելու բոլոր ժամանակների ամենամեծ Գանձը։
Տարիներ անց, մի խումբ մարդիկ գտնվում էին ձկնորսական այն նավի վրա, որ պատրաստվել էր երկրորդ ծառից։ Նրանցից մեկը հոգնած էր և քուն էր մտել։ Հանկարծակի մի ուժգին փոթորիկ բարձրացավ ծովի վրա, այնքան ուժգին, որ մյուս բոլոր նավորդները սարսափահար էին։ Բայց քուն մտած մարդն արթնացավ և հրամայեց. «Խաղաղվիր»։ Փոթորիկն իսկույն դադարեց, ծովն էլ խաղաղվեց, և ծառը հասկացա, որ արժանացել էր թագավորների Թագավորին տեղափոխելու։
Վերջում ինչ-որ մեկը եկավ և վերցրեց նաև երրորդ ծառը։ Անցորդները ծաղրում էին Նրան, ով կրում էր խաչափայտը։ Երբ կանգ առան, մարդուն գամեցին խաչափայտին և բլրան գագաթին վեր բարձրացնելով՝ թողեցին, որ այդպես մահանա։ Կիրակի օրվա արշալոյսին ծառը հասկացավ, որ այնքան դիմացկուն էր եղել, որ կանգնել էր բլրան գագաթին և Աստծուն այնքան մոտիկ, որ կարողացել էր կրել Աստծո Որդուն, որ խաչվել էր իր փայտի վրա։
Ծառերից յուրաքանչյուրը ստացավ այն, ինչ երազել էր, բայց ոչ այն ձևով, որով երևակայել էր։

  • 2021-08-09
×