Վաճառականը

Վաճառականը

Մի վաճառական մրցակից ուներ, ում նավը՝ բարձված թանկարժեք բեռով, պիտի ժամաներ այդ գիշերը: Մրցակցին վնասելու համար վաճառականը կաշառեց փարոսի պահապանին՝ հրամայելով նրան մրցակցի նավի ժամանման գիշերը փարոսի լույսը չվառել:

 

Այդ գիշերը ծովում սաստիկ փոթորիկ եղավ, որը դադարեց միայն առավոտյան: Լուսաբացին սոսկալի լուր տարածվեց. գիշերը նավահանգիստ մտնող բոլոր նավերը խորտակվել էին՝ բախվելով ժայռերին, քանի որ փարոսի կողմնորոշիչ լույսը չէր վառվել, և նավերը չէին կարողացել ճիշտ ուղղությամբ շարժվել:
Վաճառականը չարախնդում և ուրախությունից ձեռքերն էր շփում, սակայն կեսօրին մոտ լուր ստացավ, որ խորտակված նավերից մեկն իրենն էր, որը վերադառնալիս էր եղել սպասված ժամկետից շուտ, իսկ մրցակցի նավը խորտակվածների թվում չէր, քանի որ սպասված ժամկետից ուշացել էր:


Երեկոյան տանը վաճառականին սպասում էր վատ լուր. իշխանությունը տեղեկացել էր, որ ինքն էր կաշառել փարոսի պահապանին, և նավաբեկության պատճառն ինքն էր: Վաճառականին ձերբակալեցին և բանտարկեցին:

 

«Ընկերոջ համար հոր փորողն ինքն է ընկնելու նրա մեջ: Ով քար է գլորում ուրիշի վրա, ինքն իր վրա է գլորում այն» (Առակ. 26:27):

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյան

  • 2021-08-09
×