Բարկանալուց առաջ եկեք մի քիչ խորհենք. միգուցե՞ հենց մենք ենք սխալ

Բարկանալուց առաջ եկեք մի քիչ խորհենք. միգուցե՞ հենց մենք ենք սխալ

Բարկությունը յոթ մահացու մեղքերից մեկն է: Բարկանալուց առաջ եկեք մի քիչ խորհենք. միգուցե՞ հենց մենք ենք սխալ:
Օդանավակայանում աղջիկը սպասում էր իր չվերթին: Չվերթը հետաձգվել էր, և նա ստիպված էր մի քանի ժամ սպասել ինքնաթիռին: Նա գնեց գիրք, մի տուփ թխվածքաբլիթ և տեղավորվեց բազկաթոռներից մեկին՝ ժամանակն անցկացնելու մինչև թռիչքը: Կողքի բազկաթոռն ազատ էր, իսկ հաջորդ բազկաթոռին նստած էր մի տղամարդ, ով ամսագիր էր ընթերցում: Աղջիկը թխվածքաբլիթ վերցրեց, տղամարդը՝ նույնպես: Դա աղջկան բարկացրեց, սակայն նա ոչինչ չասաց և շարունակեց ընթերցել: Եվ ամեն անգամ, երբ աղջիկը թխվածքաբլիթ էր վերցնում, տղամարդը նույնպես վերցնում էր: Աղջկան դա զայրացնում էր, սակայն նա չէր ուզում պատմություն սարքել մարդաշատ օդանավակայանում:
Երբ մնաց ընդամենը մեկ թխվածքաբլիթ, աղջիկը մտածեց. «Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կվարվի այս անշնորհք մարդը»:


Կարծես թե կարդալով նրա մտքերը՝ տղամարդը վերցրեց թխվածքաբլիթը, կիսեց և կեսը մեկնեց աղջկան՝ առանց հայացքը բարձրացնելու: Դա արդեն չափազանց էր. աղջիկը վեր կացավ, վերցրեց իրերը և հեռացավ: Հետո, երբ արդեն ինքնաթիռ էր նստել, ձեռքը տարավ պայուսակը՝ ակնոցը հանելու և դուրս բերեց թխվածքաբլիթի տուփը… Հանկարծ հիշեց, որ ինքն իր թխվածքաբլիթի տուփը պայուսակում էր դրել: Իսկ տղամարդն, ում ինքն անշնորհք էր համարել, կիսել էր նրա հետ իր թխվածքաբլիթներն առանց բարկության, պարզապես որովհետև բարի էր: Աղջիկը շատ ամաչեց և զղջաց, սակայն այլևս հնարավորություն չուներ իր սխալն ուղղել:

  • 2021-08-09
×