Աստծո գանձանակը

Աստծո գանձանակը

Կար մի հարուստ, ով օգնում էր աղքատներին, և բոլորը նրան շատ էին սիրում: Նրա սենյակի պատին կար մի մեծ երկաթե գանձանակ, որի վրա ոսկե տառերով գրված էր՝ «Աստծո գանձանակ»: Երբ ուրախ առիթներ էին լինում՝ մկրտություն, հրեշտակների կամ այլ տոներ, կինը նրան ասում էր.
 

- Աստված մեզ ամեն ինչ լիուլին տվել է, հյուրեր հրավիրիր, թող մարդիկ մեզ հետ ուրախանան:
- Քանի՞ հոգու հրավիրենք, - հարցնում էր նա կնոջը:
- Թեկուզ քառասուն, - պատասխանում էր կինը:
Ամուսինը մտածում էր մի փոքր և ասում.
- Գիտես, սիրելիս, հիմա այնքան շատ աղքատ մարդիկ կան, ոմանք քաղցից լալիս են, սովամահ լինում: Ավելի լավ չէ՞ հրավիրել մեր տուն քսան հոգու, իսկ այն գումարը, որ պիտի ծախսվեր մյուս քսան մարդուն հյուրասիրելու համար, ես կդնեմ Աստծո գանձանակը:
Եվ սովորաբար նա այդպես էլ վարվում էր: Երբ լսում էր ինչ-որ դժբախտության կամ փորձանքի մասին՝ հրդեհ կամ ջրհեղեղ, կամ մեկ այլ աղետ, իսկույն մտածում էր. «Տեր Աստված ինձ փրկել է այդ փորձանքից», և իսկույն գանձանակը գումար էր դնում՝ ի նշան երախտագիտության:
Երբեմն հարուստի մոտ գալիս էին վաճառականներ՝ առաջարկելով տարբեր ապրանք: Երբ նա հավանում էր ինչ-որ բան և ցանկանում գումարը վճարել, հանկարծ հայացքն ընկնում էր գանձանակին, և նա մտածում էր. «Ինչո՞ւ գնել այսքան շատ, կարելի է բավարարվել նաև կեսով»: Գնելով ապրանքի մի մասը, մնացյալ մասի համար վճարելիք գումարը նա դնում էր Աստծո գանձանակը:
Օրեցօր, տարեցտարի, մինչև ծերություն հարուստի տան գանձանակում կուտակվեց հսկայական գումար: Մահից առաջ նա իր մոտ կանչեց գյուղի ծերերին և ասաց.
- Զավակներիցս ոչինչ չխլելով և ոչ մի բանից չզրկելով՝ ես գումար եմ հավաքել Աստծո գործերի համար: Քիչ եմ ճամփորդել, վատնել, և այն գումարները, որոնք չեմ շռայլել, դուք կգտնեք այս գանձանակում:
Գանձանակը բացելով՝ գյուղի ծերերը գտան հսկայական գումար և հուզվեցին: Երբ հարուստը մահացավ, մարդիկ նրան անվանեցին բարերար:


Այդ մարդու հիշատակն իր հայրենիքում անմոռաց է: Նրա մասին գալիք սերունդներին ընդմիշտ կհիշեցնեն նրա գանձանակի արդյունքները՝ մանկատունը, դպրոցը, հիվանդանոցը և նորակառույց քարաշեն եկեղեցին:


«Մի մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բաիրքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն» (Եբր.13:16):


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×