Մաշված հագուստով, կարիքը դեմքին դրոշմված մի կին մտավ նպարեղենի խանութ, մոտեցավ խանութպանին և խոնարհաբար ցածրաձայն հարցրեց, թե արդյո՞ք կարող էր պարտքով գնել որոշ սննդամթերք: Նա բացատրեց, որ ամուսինը ծանր հիվանդ էր և չէր կարող աշխատել, իրենք յոթ զավակ ունեին, տանն ուտելիք բոլորովին չկար:
Քամահրանք դրսևորելով կնոջ հանդեպ՝ խանութպանը պահանջեց նրանից հեռանալ խանութից: Հիշելով ընտանիքի ծայրահեղ վիճակը, կինը մեկ անգամ ևս փորձեց.
- Խնդրում եմ օգնել, պարոն: Երբ կարողանամ, իսկույն կվճարեմ:
Սակայն խանութպանն անդրդվելի էր, չէր ցանկանում ապառիկ սննդամթերք տալ կնոջը, քանի որ նա մշտական և վստահելի գնորդ չէր:
Վաճառասեղանի մյուս կողմում մեկ այլ գնորդ էր կանգնած և լսում էր ամբողջ խոսակցությունը: Ի վերջո նա միջամտեց և խանութպանին ասաց, որ ինքը կվճարի ընտանիքին անհրաժեշտ ամբողջ սննդամթերքի համար:
Խանութպաննն իսկույն մեղմացավ: Դիմելով կնոջը, նա հարցրեց.
- Դուք ունե՞ք անհրաժեշտ սննդամթերքի ցուցակը:
- Այո, - պատասխանեց կինը:
- Լավ, ուրեմն, դրեք կշեռքի նժարին, և որքան որ այն կշռի, նույնքան մթերք կստանաք:
Կինը պայուսակից հանեց մի թուղթ, նշումներ արեց, թուղթը ծալեց և դրեց նժարին:
Խանութպանի և մյուս գնորդի աչքերը զարմանքից լայն բացվեցին՝ տեսնելով, թե որքան իջավ նժարը: Նայելով նժարին, խանութպանը չկամությամբ ասաց. «Պարզապես չեմ կարող հավատալ…»
Այնուամենայնիվ, նա սկսեց կշեռքի մյուս նժարին դնել առաջին անհրաժեշտության մթերք: Կշեռի նժարը լցվում ու լցվում էր, սակայն շարունակում անշարժ մնալ, մինչև որ այլևս հնարավոր չէր ոչինչ ավելացնել: Խանութպանն ուղղակի ապշած էր:
Ի վերջո, նա վերցրեց թուղթը, կարդաց և էլ ավելի ապշեց. այնտեղ դրված էր ոչ թե մթերքի ցուցակ, այլ մի պարզ աղոթք. «Տեր Աստված, Դու լավ գիտես ընտանիքիս կարիքները, ես ամեն ինչ թողնում եմ Քո հայեցողությանը»:
Խանութպանը լուռ հանձնեց մթերքը կնոջը, ով շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ: Գնորդը վճարեց ապրանքի դիմաց՝ ասելով.
- Իսկապես, արժեր օգնել նրան:
Որոշ ժամանակ անց խանութպանը պարզեց, որ կշեռքը կոտրված էր:
Իրոք, Տերը գիտե մեր աղոթքի զորությունը:
«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեր առաջ, որովհետև ով որ ուզի, ստանում է, որ որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի»: (Մատթ. 7:7):
Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը