Երեք կարևոր հարց

Երեք կարևոր հարց

Կար-չկար մի թագավոր, ով ձգտում էր իմաստության: Մի օր նա լսեց, որ մի ճգնավոր կա, ով գիտե բոլոր հարցերի պատասխանները: Թագավորը գնաց նրա մոտ և տեսավ մի հողը փորող ծերունու: Նա ձիուց իջավ և խոնարհվեց իմաստունին՝ ասելով.
- Եկել եմ քեզանից երեք հարցի պատասխան ստանալու. ո՞վ է աշխարհի ամենակարևոր մարդը, ո՞րն է կյանքում ամենակարևոր գործը, ո՞րն է մարդու կյանքում ամենակարևոր օրը:
Ճգնավորը չպատասխանեց, այլ շարունակեց գործը: Թագավորը սկսեց օգնել նրան: Հանկարծ տեսավ, որ ճանապարհով գնում է մի մարդ՝ դեմքն արյունոտ: Թագավորն իսկույն դադարեցրեց աշխատանքը, բարի և կարեկից խոսքերով մխիթարեց վիրավորին, առվից ջուր բերեց, լվաց և վիրակապեց նրա վերքերը: Ապա ճամփորդին տարավ ճգնավորի քողտիկը և պառկեցրեց՝ հանգստանալու և ապաքինվելու:
Առավոտյան նա ճգնավորին տեսավ կրկին հողը փորելիս:
- Ճգնավոր, մի՞թե չես պատասխանելու իմ հարցերին, - տարակուսեց թագավորը:
- Ինքդ արդեն տվեցիր դրանց պատասխանը, - ասաց ճգնավորը:
- Այդ ինչպե՞ս, - զարմացած հարցրեց թագավորը:
- Տեսնելով ծերություն ու տկարությունս, խղճացիր ինձ և օգնության ձեռք մեկնեցիր: Հողը փորելիս ես քեզ համար ամենակարևոր մարդն էի, և ինձ օգնելը քեզ համար ամենակարևոր գործն էր: Հետո հայտնվեց վիրավոր ճամփորդը, և նրան օգնելը դարձավ ամենակարևոր գործը: Ուրեմն, ամենակարևոր մարդը նա է, ով տվյալ պահին քո օգնության կարիքն ունի: Իսկ ամենակարևոր գործն այն բարի գործն է, որն անում ես, – բացատրեց ճգնավորը:
- Լավ, հիմա կարող եմ պատասխանել երրորդ հարցին. ո՞րն է մարդու կյանքում ամենակարևոր օրը: Ամենակարևորն այսօրվա օրն է, - պատասխանեց թագավորը:



«Ինչ էլ անես կյանքում, կլինի աննշան, բայց չափազանց կարևոր՝ անելու համար»: (Մահաթմա Գանդի)
«Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես, և այնտեղ, որտեղ գտնվում ես»: (Թեոդոր Ռուզվելտ)


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×