Տեր Աստծո նամակն Իր զավակին

Տեր Աստծո նամակն Իր զավակին

«Բարի լույս, զավակս:
Առավոտյան, երբ արթնացար, Ես հետևում էի քեզ և սպասում, որ ինձ հետ կզրուցես: Ընդամենը մի քանի բառ, օրինակ, շնորհակալություն կհայտնես երեկ կամ անցյալ շաբաթ քո կյանքում տեղի ունեցած որևէ լավ բանի համար:
Սակայն նկատեցի, որ զբաղված էիր աշխատանքի գնալու համար հագուստ ընտրելով: Երբ հավաքում էիր քեզ անհրաժեշտ իրերն ու փաստաթղթերը, կարծում էի, թե մի քանի րոպե կգտնես՝ ինձ հետ զրուցելու, բայց այդպես չեղավ:
Ես կամենում էի ասել, որ կարող եմ օգնել՝ իրագործելու ավելին, քան դու երբևէ հնարավոր ես համարել, եթե դու ամեն օրվա մի մասն ինձ տրամադրեիր: Եղավ մի պահ, երբ տասնհինգ րոպե առանց որևէ զբաղմունքի նստած էիր բազկաթոռին, և Ես սպասում էի, որ քեզ կլսեմ:
Հետո դու տեղից վեր կացար, և Ես կարծեցի, թե ցանկանում էիր ինձ հետ խոսել, սակայն դու մոտեցար հեռախոսին և ընկերոջդ զանգեցիր: Ես տեսա, որ դու գնացիր աշխատանքի, և ամբողջ օրը համբերատար սպասում էի քեզ: Սակայն գործերդ շատ էին, դու զբաղված էիր՝ ինձ հետ խոսելու համար:
Նկատեցի, որ ընդմիջմանը նայում էիր շուրջդ. միգուցե անհարմա՞ր էիր զգում Ինձ հետ զրուցել: Նկատեցիր երեք սեղան, որոնց շուրջ նստած մարդիկ նախքան ուտելն Ինձ հետ զրուցում էին, բայց նրանց օրինակին չհետևեցիր:
Դեռ շատ ժամանակ կար, և Ես հուսով էի, որ կզրուցեինք:
Աշխատանքից հետո վերադարձար տուն և շատ գործեր կատարեցիր, հետո միացրեցիր հեռուստացույցը և ժամեր շարունակ այն դիտեցիր, այնուհետև ընթրեցիր, սակայն Ինձ հետ չզրուցեցիր:
Անկողին մտնելիս հոգնած էիր: Ընտանիքիդ անդամներին բարի գիշեր մաղթելուց հետո անկողին մտար և քնեցիր: Ես շատ էի ցանկանում քո օրվա մի մասը լինել: Մենք այնքան լավ ժամանակ կանցկացնեինք և միասին շատ բան կանեինք:
Ես քեզ այնքան շատ եմ սիրում, որ սպասում եմ քեզ ամեն օր՝ մտորելու, աղոթելու կամ շնորհակալություն հայտնելու համար: Դե, միգուցե թողնենք վաղվա՞ն: Ես սիրով կսպասեմ:
Քո Տեր Աստված»:


«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ…» (Մարկ. 12:30):


Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×