Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
- Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, - առաջարկեց չարը բարուն:
- Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, - պատասխանեց բարին:
- Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
- Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:
- Հեռու ճանապարհիցս, - գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:
Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:
- Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, - ուրախացավ չարը:
- Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, - ասաց բարին:
Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:
Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:
- Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:
Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.
- Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:
Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը