«Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ այն բոլոր գործերից, որ սկսել էր անել»: (Ծննդ. 2.2-3)
Մի երիտասարդ բարեպաշտ դարբին աշխատանք էր փնտրում: Նրան աշխատանքի ընդունեցին մի դարբնոցում, որտեղ նա բարեխղճորեն և սիրով աշխատում էր առավոտից երեկո: Սակայն երբ գալիս էր կիրակին և նա ստիպված էր աշխատել, շատ էր տխրում: Ցանկանում էր գնալ եկեղեցի՝ մասնակցելու պատարագի: Սակայն դարբնոցի տերն ագահ մարդ էր, ցանկանում էր ավելի ու ավելի եկամուտ ստանալ:
Առաջին կիրակին երիտասարդ դարբինը ենթարկվեց հրամանին, բայց խիղճն այնպես էր տանջում, որ այլև չդիմանալով՝ վճռականորեն մոտեցավ գործատիրոջն ու ասաց:
- Ես չեմ կարող ապրել առանց կիրակնօրյա պատարագին մասնակցելու: Եթե այսուհետև էլ պետք լինի կիրակի օրերին աշխատել, չեմ դիմանա առանց Աստծո խոսքի: Խնդրում եմ, թույլ տվեք կիրակի օրերին հաճախել եկեղեցի:
Սակայն գործատերն անդրդվելիորեն ասաց.
- Դա հնարավոր չէ, դու պատասխանատու ես դարբնոցի վառարանի աշխատանքի համար: Եթե դու տեղում չլինես, աշխատանքը կտապալվի:
- Հոգիս կչորանա առանց աստծո խոսքի, - շարունակեց խնդրել դարբինը: - Դուք գիտեք, որ ես ծույլ չեմ, աշխատում եմ սիրով: Բայց ինչ չի կարելի՝ չի կարելի: Ճշմարիտ քրիստոնյան պետք է մասնակցի պատարագին:
Գործատերը տարակուսած նայեց. դարբնին. մինչ այդ դարբնոցում այդչափ բարեպաշտ մարդիկ չէին աշխատել:
- Դե լավ, թող քո ուզածով լինի: Կարող ես գնալ եկեղեցի, սակայն եթե շտապ պատվեր լինի, դու պետք է տեղում լինես և գործդ անես:
Դարբինը մեծ ուրախությամբ այդ կիրակի գնաց եկեղեցի, մասնակցեց պատարագին: Հաջորդ շաբաթ օրը գործատերը նրան զգուշացրեց, որ գործ կար, և կիրակի նա պիտի դարբնոցում լիներ:
Դարբինը համաձայնվեց և այդպես էլ արվեց: Սակայն դրանից հետո ամեն կիրակի շտապ պատվեր էր լինում, և դարբինն այլևս չէր կարողանում գնալ եկեղեցի: Կիրակնօրյա աշխատանքի համար գործատերը կրկնակի էր վճարում: Մի օր էլ դարբինը չդիմացավ և գործատիրոջն ասաց.
- Ինձ գումար պետք չէ: Կիրակին գումար վաստակելու համար չէ: Եթե ես կիրակի օրերին աշխատեմ, ապա միայն՝ ելնելով միայն Ձեր նկատմամբ հարգանքից, գումար հարկավոր չէ:
Գործատերը զարմացած նայեց դարբնին: Այդ օրվանից ի վեր կիրակի օրերին դարբնոցը փակ էր: Գործատերը նույնպես դարբնի հետ ամեն օր գնում էր եկեղեցի և դարձել էր բարեպաշտ մարդ:
Շատ հաճախ անձնական օրինակով կարելի է անել շատ ավելին, քան խոսքով: Որոշ դեպքերում, անշուշտ, հարկավոր է լինում աշխատել նաև կիրակի օրերին, սակայն հնարավորության դեպքում լավ կլիներ կիրակի գնալ եկեղեցի՝ մասնակցելու պատարագի, լսելու Տեր Աստծո խոսքը:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը