Հիշատակ Եզեկիել մարգարեի (Ըստ Հայսմավուրքի)

Հիշատակ Եզեկիել մարգարեի (Ըստ Հայսմավուրքի)

Եզեկիէլ մարգարեն՝ Բուզի քահանայի որդին, Երուսաղեմից գերի տարվեց Բաբելոն Իսրայելի որդիների ժողովրդի հետ Նաբուգոդոնոսոր արքայի ժամանակ:

Գերության 5 տարիներից հետո Բաբելոնում, Քոբար գետի ափին Եզեկիէլը տեսավ ահեղ և զարմանալի տեսիլք. կառք՝ չորեքկերպյան ահագնակերպ կենդանի էակներով, յուրաքանչյուրն՝ ութ թևերով՝ Մարդ, Արծիվ, Եզ, Առյուծ, կառքի անիվները՝ ներքևում մեկ առ մեկ, մեկը մյուսի մեջ պտտվող, և Տեր Աստծուն կառքի վրա՝ արեգակնանման: Եվ լսեց Սադայի [եբրայերեն՝ Ամենազոր Աստծո] ձայնը՝ սոսկալի որոտ: Տեսավ խռնված լուսո և հրե գունդ, ամպե կայծակներ, շողի ճառագայթ, բազմաչյա և բազմադիմի ութանկյունաթև քերովբեներ, բարբառ սքանչելի՝ քաղցրեղանակ և հիանալի, որ ասում էին որոտանման հրաշալի ձայնով և զարմանալի մեղեդիով. «Օրհնյա՜լ է Տիրոջ Փառքն՝ Իր բնակատեղիում»:


Մարգարեանում էր ժողովրդի համար, թե ինչ է պատահելու նրանց հետ և հանդիմանում էր ժողովրդին, որ կռապաշտության տրվեցին քաղդեացիների երկրում, մանավանդ՝ Դանի ցեղը: Եվ նրանք կամեցան սպանել մարգարեին ու բոլոր օրինապահներին, ովքեր նրա հետ էին շրջում: Մարգարեն բաժանեց Տիգրիս գետի ջրերը ու անցավ այն կողմ բոլոր օրինապահներով: Եվ անհավատներից ովքեր հանդգնեցին մտնել գետը՝ խորտակվեցին: Հետո Դանի ցեղի առաջնորդը սպանեց Եզեկիէլ մարգարեին, և նա թաղվեց Բաբելոնում՝ Սեմի ու Արփաքսադի գերեզմանում:


Եզեկիէլ մարգարեն ամբողջ ժողովրդի առջև բարձրացավ երկինք, Քոբար գետի վրա, և ապա տեսավ կենդանիների կերպարանքով քերովբեների ահազդու տեսիլքը: Նա հափշտակվեց Բաբելոնից ու եկավ Երուսաղեմ մի ակնթարթում, տեսավ այնտեղ Իսրայելի ժողովրդի անիրավությունը, որն ընկավ կռապաշտության մեջ:


Եզեկիէլ մարգարեն խոսքով փակեց Տաճարի դուռը և ասաց. «Փակված թող մնա այս դուռը, և ոչ ոք չմտնի ու չելնի դրանով, բացի Տեր Աստծուց Իսրայելի»: Այսպես փակվեց դուռը առանց փականի մինչև քառասուն օրական Քրիստոսի գալուստը, և ապա բացվեց:

 

Թարգմանեց Աննա Կիշինևսկայան

  • 2021-08-09
×