Վկայաբանություն սուրբ Ղևոնդյանց քահանաների (ըստ Հայսմավուրքի)

Վկայաբանություն սուրբ Ղևոնդյանց քահանաների (ըստ Հայսմավուրքի)

Հայոց մեծ վարդապետ սուրբ Սահակի վախճանից հետո սուրբ Գրիգորի գահին նրան հաջորդեց Մեսրոպ վարդապետը: Քանի որ Մեսրոպ վարդապետը նույն տարում վախճանվեց, կաթողիկոսության իշխանությունը տվեցին Հովսեփ Մեծին, ով Վայոց Ձորից էր` Խոլոցմանց գյուղից. այր գիտուն և սուրբ, լի աստվածային հանճարով և իմաստությամբ: Եվ մինչ կամենում էին նրան ձեռնադրել, պարսից թագավոր Հազկերտը բռնադատում էր հայոց իշխաններին ուրանալ Քրիստոսին: Նա մեծ նեղության մեջ գցեց նրանց, բազում զորքեր գումարեց` արշավելու, ավերելու և գերելու Հայոց աշխարհը, Վրաց և Աղվանից երկրները:
 

Իսկ սուրբ Հովսեփը, հավաքելով մեր երկրի բոլոր եպիսկոպոսներին, երեցներին և մնացած իշխաններին, նրանց բոլորով հանդերձ ուխտ դրեց` հաստատուն մնալ Քրիստոսի հավատի մեջ և հոժարությամբ մեռնել հանուն Նրա, և նահատակների անունը ժառանգել, կռվել պարսիկների բանակի դեմ և անխնա սպանել ուրացողներին. որպեսզի հայրը չխնայի որդուն, կամ եղբայրը` եղբոր, և ազգականը` ազգականներին: Եվ ամենքը միևնույն նախանձախնդրությամբ բորբոքվեցին` այր և կին:
 

Հայոց իշխանների զորագլուխը Ս. Վարդանն էր` Մամիկոնյանների ազգից, Սահակ հայրապետի թոռը: Նա խաբեց պարսից արքային` գերեվարելով 3 000 մոգերի և այլ զորքերի, եկավ Հայոց աշխարհ` միաբանելով եկեղեցու ուխտավոր դասին, ովքեր հարձակվելով մոգերի վրա` նրանց բոլորին կոտորեցին:
 

Լսելով այդ մասին` Հազկերտը սաստիկ տրտմեց, հավաքեց բազմաթիվ բանակ և հանձնեց Միհրներսեհի ձեռքը, ով ամբողջ պարսից թագավորության վերակացուն էր: Միհրներսեհը եկավ Փայտակարան քաղաք` նույն Տփխիս: Սյունյաց իշխանը` ուրացող Վասակը, և նրա հետ այլ իշխաններ, զատվելով հայոց միաբանությունից, գնացին Միհրներսեհի մոտ: Նա տվեց ամբողջ զորքը Սալավուրտից ոմն Մուշկանի ձեռքը և ուղարկեց ընդդեմ Ս. Վարդանի և հայոց բանակի:
 

Ս. Վարդանը ելավ նրանց դեմ 60 հազարանոց զորքով, նրանց հետ էին նաև Հովսեփ Մեծը, Ղևոնդ երեցը և ուրիշ բազում եպիսկոպոսներ և երեցներ: Զորեղ մարտ եղավ: Պարսիկներից բազումք կոտորվեցին: Հայերը, նահատակվելով, վախճանվեցին Արտազի դաշտում: Ճակատամարտի ժամանակ փղերի մեջ սպանվեց նաև Ս. Վարդանը` նահատակակից ընկերներով հանդերձ, իսկ մնացածը ցրվեցին լեռներով, դաշտերով և բերդերով: Պարսիկները Վասակ ուրացողի հետ հետամուտ եղան հայոց զորքի մնացորդին, սուտ խոստումներով համոզում էին իջնել ամրոցներից և, երդմնազանց լինելով, սպանում էին հայերին:
 

Ս. Հովսեփը և Ղևոնդ երեցը այլոց հետ միասին արքունի դռանը բողոք ներկայացրեցին: Եվ նրանց սպանել չհամարձակվեցին, այլ, սաստիկ գանահարելով, բանտ նետեցին սրբերին և 813 այրերի սպանեցին: Ձերբակալեցին նաև Ս. Սահակին` Ռշտունյաց եպիսկոպոսին, Սամուէլին և Աբրահամին` Արտաշի երեցներին, Քաջաջ սարկավագին և Արսենին, Խորենին, Աբրահամին և Մուշե երեցին: Նրանց տարան Պարսկաստան: Ճանապարհին սրբերին պատահեց Վասակ ուրացողը և, խոնարհվելով, ողջունեց նրանց: Եվ Ղևոնդը` Սյունյաց երեցը, ասում է նրան.
 

- Տե´ր, ո՞ւր ես գնում:

Վասակը պատասխանում է.

- Գնում եմ ընդունելու արքայից իմ վաստակած վարձը:

Եվ ասաց Ղևոնդ երեցը.

- Եթե կենդանի վերադառնաս Հայոց աշխարհ, ապա ես Տիրոջ պաշտոնյան չեմ:
 

Եվ անօրենը, սրտաբեկ լինելով, տրտում շարունակեց իր ճանապարհը: Քանզի սրբերին կապանքներով էին տանում, նրանք բազում ամիսներ և օրեր հետո հասան արքունի ձմեռանոցը: Բերեցին նաև հայոց նախարարներին, որոնց ուղարկեց մարզպան Ատրորմզդին: Թագավորը հրաման տվեց Միհրներսեհ հազարապետին և այլ պարսից մեծամեծներին` քննել, թե ո՞ւմ պատճառով եղավ հայոց աշխարհի ավերը: Դրանում դատապարտվեցին Վասակ Ուրացողը և նրա հետևորդները, և ամբողջ մեղքը կուտեցին նրա գլխին: Թագավորը հրամայեց հանել նրանից ամբողջ պատիվը: Վասակին գանահարեցին մեծ հրապարակին ու նետեցին մահապարտների բանտը: Սաստիկ բրածեծից և խիստ նեղությունից նրա մարմինը թարախակալեց ու փտեց, որդնալից եղավ, և նա մահացավ անզեղջ և դառն մահվամբ:
 

Իսկ հայոց սուրբ քահանաներին և նախարարներին տարան Նյուշապուհ քաղաքը և հանձնեցին մոգապետին: Նա գցեց նրանց բանտ, նեղում էր սրբերին քաղցով և ծարավով, որպեսզի նրանք ուրանան Քրիստոսին և այսպիսով արձակվեն կապանքներից: Իսկ նրանք հաստատուն էին Քրիստոսի հավատի մեջ և ուրախությամբ էին տանում չարչարանքները: Մոգապետը, զարմացած սրբերի վրա, գնաց միայնակ, գիշերով` տեսնելու, թե ի՞նչ են անում այդ այրերը: Նայելով ծերպից ներս` տեսավ նրանց քնած: Պայծառ լույս ծագեց բանտի ներսում, և սրբերը վեր կացան աղոթքի: Մոգապետը դարձավ տուն, բայց ոչ ոքի չպատմեց տեսածը: Հաջորդ գիշեր գնաց և տեսավ կրկին լուսավորված սրբերին, բացեց բանտի դուռը, ընկավ նրանց ոտքերը և հավատաց ի Քրիստոս: Մոգապետը պատմեց տեսիլքի մասին, և սրբերը սովորեցրեցին նրան ճշմարիտ հավատը և փրկությունը քարոզեցին: Նա տարավ սրբերին իր տուն, լվաց նրանց վերքերը և լվացման ջուրը լցնում էր իր վրա: Մոգապետը և ամբողջ նրա տունը մկրտվեցին: Նա կանչեց նախարարներին, որոնք բանտում էին, նույն քաղաքում, նրանց առջև սեղան դրեց և ուրախացրեց առատ կերակուրներով, ազատ արձակեց նյութական բարիքներով, քանզի այդ քաղաքի իշխանն էր:
 

Հազկերտ թագավորն իր թագավորության 16-րդ տարում գնաց Քուշանաց երկիր` պատերազմելու: Քուշանաց արքան ընդդիմացավ պարսիկներին, մեծ հարված հասցնելով` շատերին ոչնչացրեց, Հազկերտին ստիպեց փախչել և դուրս հանեց իր երկրից: Հազկերտը, մաշկահան եղած օձի պես, չգիտեր, թե ում վրա թափի դառնության թույնը: Մոգերն ասացին. «Արքա´, քաջ առաջնորդները հայոց, ովքեր բանտում են, անդադար քեզ անիծում են, չաստվածները բարկացած են և չեն օգնում քեզ, որովհետև մինչև այսօր կենդանի թողեցիր իրենց անարգողներին»:
 

Թագավորը հրամայեց Գենշապուհին, ոմն մեծ իշխանավորներից, գնալ իր քաղաքը` Շապուհ, չարչարել սուրբ քահանաներին, և եթե չերկրպագեն չաստվածներին` սպանել նրանց սրով: Գենշապուհը եկավ քաղաք և, տեսնելով մոգապետին քահանաների հետ, զարմացավ, քանի որ մեծանուն էր այրն այն: Իշխանավորը հարցրեց մոգապետին, և այն քրիստոնեություն վկայեց: Գենշապուհը, հրաման առնելով թագավորից` գաղտնաբար խորտակել մոգապետին Կուրայից և Մակուրայից այնկողմ, արքունիքի երկու պաշտոնյաների հրամայեց սպանել նրան այնտեղ`Քրիստոսին հավատալու համար և քրիստոնյաների մեջ ահ տարածել:
 

Իսկ Ս. Հովսեփին, ընկերներով հանդերձ, գիշերով, որպեսզի ոչ ոք չիմանա, մեկ առ մեկ հարցաքննեց և, գտնելով սրբերին հաստատուն Քրիստոսի հավատի մեջ, հրամայեց դահիճներին կապել նրանց ձեռքերն ու ոտքերը: Անցկացրեցին երկար պարան, երկու-երկու լծեցին սրբերին ու այնքան քարշ տվեցին ապառաժուտ տեղով, մինչև իսկ առողջ պատառիկ չմնաց նրանց մարմինների վրա: Ապա բերեցին իշխանների առջև, ասելով. «Փափկացրեցինք նրանց սրտերի կարծրությունը»: Իսկ սրբերը չէին դադարում գոհանալ Աստծուց: Դարձյալ հարցրեց սրբերին Գենշապուհը, թե արդյո՞ք կկատարեն նրանք թագավորի կամքը և կերկրպագե՞ն արեգակին: Սրբերն ասացին.
 

- Մենք մեր Աստծուն չե´նք ուրանում և տարերքներին չե´նք երկրպագում: Դուք կուրացել եք ոչ միայն հոգով, այլև ձեր թագավորի, հոգու կուրությամբ հանդերձ, նաև մարմնավոր աչքերից մեկը կույր է:
 

Երբ լսեց Գենշապուհը թագավորի հասցեին նախատինքի խոսքեր, կատաղեց գազանի պես և, հանելով սուրը, հարձակվեց սրբերի վրա. հարվածեց սուրբ եպիսկոպոսի աջ ուսին և ձեռքը թիկունքով հանդերձ կտրեց: Իսկ նա քաջալերում էր ընկերներին ու ասում էր. «Ահա տեսնում եմ մեզ մոտ եկող հրեշտակների գնդերը և 6 պսակ հրեշտակապետի ձեռքին»: Եվ այդ լսելով` սրբերը զորացան:
 

Ս. Ղևոնդն ասում է Ս. Հովսեփին. «Մոտեցի´ր առաջ ընդդեմ սրի, քանզի Դու աստիճանով մեզանից ամենքիցս վեր ես»: Այսպես գլխատեցին երանելի վկաներին: Նրանք են` Ղևոնդ երեց Վանանդից, Մուշե երեց Հաղբակից, Արսեն երեց Բագրևանդից` Եղեգիկ գյուղից, Քաջաջ սարկավագ Ռշտունյաց գավառից, որտեղ եպիսկոպոս էր ծառայում մոգապետը Նյուշապուհ քաղաքից, Սամուել երեց Արարատյան գավառից` Արագած գյուղից, Աբրահամ սարկավագ նույն գյուղից: Թադիկ եպիսկոպոսը վախճանվեց Ասորեստանում: Երկու այլ սուրբ՝ Սամուելը և Աբրահամը, վախճանվեցին Վարդենում:
 

Այս սուրբերը վախճանվեցին Հրոտ ամսի 25-ին (հուլիսի 31):
 

Խուժիկ անունով մի այր, քրիստոնյա, որ Գենշապուհի մոտ էր, սուրբ արանց մարմինները գաղտնապես վերցրեց, տարավ, բաշխեց քրիստոնյաներին:

  • 2021-08-09
×