Ս. Գրիգորը Նեոկեսարիա քաղաքից էր, հեթանոս ծնողների զավակ, ապրում էր Օրեղիանոս հեթանոս արքայի օրոք: Մանկությունից հույժ սրբասեր էր և ուսումնասեր: Գնալով Եգիպտոս՝ հմտացավ աշխարհիկ գիտությունների իմաստասիրության մեջ: Եղավ աստվածային պատվիրանների հետևողը և հույժ հմուտ գիտակ աստվածային գրերի՝ Հին և Նոր Կտակարանների: Եղավ նաև հավատով քրիստոնյա ու մկրտվեց հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Այդ պատճառով հելլենական իմաստասերները, նախանձելով՝ կամեցան պախարակել Ս. Գրիգորին: Կաշառեցին մի անառակ կնոջ՝ Գրիգորին խայտառակելու համար, և նա աղաղակ բարձրացրեց ընդդեմ սրբի` ասելով. «Տո՛ւր ինձ քո պոռնկության վարձքը»: Եվ Ս. Գրիգորը հրամայեց իր սարկավագին տալ նրան, ինչ որ կխնդրի: Կինը, վերցնելով փողը, դիվահարվեց ու խոստովանեց զրպարտության չար մտադրությունը, և ապա բժշկվեց Ս. Գրիգորի աղոթքով: Ապա Ս. Գրիգորը գնաց Կեսարիայի եպիսկոպոս Փեղիանոսի մոտ՝ ուսանելու նրանից եկեղեցական ամբողջ կարգավորությունը և աստվածպաշտության կրոնական կարգը: Եվ վերադարձավ իր քաղաքը՝ Նեոկեսարիա, որն այժմ կոչվում է Նիկիսար:
Ամասիայի միտրապոլիտ Փեդեմոսը կամեցավ ձեռնադրել երանելի Գրիգորին Նեոկեսարիայի եպիսկոպոս, իսկ սուրբը, լսելով՝ փախավ երեք օրվա ճանապարհի հեռավորության մի տեղ: Աստվածային Հոգու ազդմամբ Փեդեմոսը տարածեց իր ձեռքերն այն տեղում, ուր գտնվում էր Գրիգորը, և ձեռնադրության կարգ կատարեց, որպես թե ձեռքը Գրիգորի գլխին դրած լիներ: Եվ Գրիգորն իր տեղում, ուր որ էր, կանգնեց, քանզի երկնքից ձայն եկավ նրան և ասաց. «Գրիգո՛ր, վե՛ր կաց տեղիցդ, քանզի ձեռնադրում է քեզ Փեդեմոսը», և այդ օրը նրա վրա կատարվեց ուխտի ամբողջ կարգը: Ապա վերադարձավ Գրիգորը՝ ստուգությամբ հմուտ լինելով ուղղափառ հավատի մեջ, որպեսզի ուսուցանի իր ժողովրդին: Եվ երևաց նրան տեսիլքի մեջ Ս. Հովհաննես Ավետարանիչը, նրա հետ նաև՝ Ամենասուրբ Աստվածածինը: Սուրբ Տիրամայրը հրամայեց առաքյալին ուսուցանել Գրիգորին հավատքի ուղղափառության սահմանումները, և սուրբը ի միտ առավ ամեն ինչ, որը և գրի առավ ու սովորեցրեց ժողովրդին:
Ս. Գրիգորի՝ Նեոկեսարիա գնալու ժամանակ՝ ճանապարհին, երեկոյան ժամին, սաստիկ անձրև եղավ: Գտնելով հեթանոսական մի տաճար՝ սուրբը մտավ ներս ու ամբողջ գիշեր աղոթեց բազկատարած հայցմամբ և հալածեց բոլոր դևերին բագիններից: Առավոտյան ելավ գնաց իր ճանապարհով: Մեհյանի սպասավորն ըստ սովորության գնաց խնկարկելու, տեսավ մեհյանը դևերից թոթափված ու իմացավ, որ Գրիգորի մեհյան մտնելով փախան դևերը: Սպասավորը փութապես հասավ Ս. Գրիգորին և բարկությամբ սպառնում էր, որ ետ դարձնի դևերին բագիններ: Իսկ սուրբը, մագաղաթ վերցնելով, գրեց՝ հրաման տալով սատանային. «մտի՛ր քո մեհյանը»: Կուռքերի սպասավորը վերցրեց մագաղաթը, տարավ տաճար ու դրեց բագինի մոտ, և իսկույն դևերը մտան բագինները: Կուռքերի սպասավորը, ահի մեջ ընկնելով, ելավ վազեց ճանապարհով, հասավ Ս. Գրիգորին ու պատմեց նրան, թե ինչպես դևերը իսկույն մտան բագինները, և ընկավ սրբի ոտքերը՝ խոստովանելով Քրիստոս Աստծուն: Եվ աղաչում էր Ս. Գրիգորին ուրիշ նշան տեսնել, և ապա ճշմարտապես հավատալ Քրիստոս Աստծուն: Այդ տեղում մի մեծ վեմ կար, սպասավորն ասաց. «Խոսքով տեղափոխիր այն ուրիշ տեղ»: Ս. Գրիգորը միայն խոսքով հրամայեց, և վեմը տեղափոխվեց իր տեղից ուր այն սպասավորը կամեցավ: Դա տեսնելով՝ սպասավորը ևս առավել հաստատվեց Քրիստոսի հավատի մեջ, թողեց իր կնոջը և որդիներին ու ամբողջ ունեցվածքը, որ ուներ, ու գնաց Ս. Գրիգորի հետ:
Երբ Ս. Գրիգորը մտավ Նիկիսար քաղաք, գտավ այնտեղ 17 քրիստոնյա հավատացյալ: Նույն ժամին կանգնեցրեց ավազանը, մկրտեց նրանց և ձեռնադրեց դևերի սպասավորին սարկավագ եկեղեցու, որը կառուցեց: Ուսուցանում էր ժողովրդին կենաց խոսքը և հոգ էր տանում քաղաքի գործերին:
Կար երկու եղբայրների պատկանող մի լիճ, որում ձկներ էին աճում: Եղբայրները միշտ կռվում էին իրար հետ և չկամեցան լսել Սուրբ Գրիգորին ու սիրով ձկնորսություն անել: Եվ մի գիշեր գնաց Սքանչելագործը լճի ափ ու աղոթքով ցամաքեցրեց այն: Առավոտյան երկու եղբայրները գնացին լիճ, տեսան այն ցամաքած և հաշտվեցին միմյանց հետ:
Գայլ գետը դուրս եկավ իր ափերից ու բազում տեղեր հեղեղելով՝ ապականեց: Այդտեղի բնակիչները գնացին Ս. Գրիգորի մոտ ու խնդրեցին նրանից օգնություն: Սուրբը, վերցնելով իր գավազանը, գնաց նրանց հետ, դրեց գավազանը գետի եզրին, և այլևս գետը չանցավ իր սահմաններից, իսկ գավազանը արմատացավ իր տեղում և դարձավ ծառ:
Ս. Գրիգորը գնաց Կոմանա և քարոզեց կենաց բանը, իսկ տեղի բնակիչները խնդրեցին նրանից եպիսկոպոս: Եվ երևաց Գրիգորին Աստծո կամոք Աղեքսանդրոս անունով մի մարդ՝ պղնձագործ: Նրան բերեց մեջտեղ՝ սևացած և աղտոտված պղնձի ժանգահոտությամբ: Կոմանայի բնակիչները, տեսնելով նրան, ծաղրեցին ու անարժան համարեցին: Իսկ Ս. Գրիգորը նրան ուղարկեց բաղնիք, հագցրեց իր հանդերձներից, ու ձեռնադրեց եպիսկոպոս: Եվ այդ մարդը եղավ ընտիր և հաճելի Աստծուն, մինչև որ տրվեց նրան գիտության շնորհ, և ուսուցանում էր ժողովրդին փրկության խոսքն առավել քան ուսյալները, և զարմանում էին բոլորը, ովքեր լսում էին: Իսկ հետո կռապաշտների կողմից սպանվեց հրով, մարտիրոսացավ:
Երկու հրեա կամեցան խաբել Ս. Գրիգոր Սքանչելագործին: Նրանցից մեկը, մահացած ձևանալով՝ ընկավ պողոտայի մեջտեղում, որով պիտի անցներ Ս. Գրիգորը, իսկ մյուսը լաց էր լինում սուտ մեռյալի վրա ու խնդրում էր սրբից պատանքի կտավ: Սուրբը հանեց իր հանդերձներից մեկը, գցեց նրա վրա ու անցավ, գնաց: Երբ Սուրբ Գրիգորը հեռացավ, հրեան ասաց սուտ մեռյալին. «Արի՛, տե՛ս, ինչպես խաբեցի ալևոր աբեղային ու վերցրեցի այս հանդերձը»: Եվ սուտ մեռյալը եղավ ճշմարտապես մեռյալ:
Այն օրերին քրիստոնյաների նկատմամբ հալածանք սկսվեց: Ս. Գրիգորը հրամայեց բոլոր հավատացյալներին փախչել, և ինքը ելավ սար սարկավագի հետ, ով նախկինում կուռքերի սպասավորն էր: Հեթանոսներից մեկը, տեսնելով նրանց՝ պատմեց հալածիչներին: Նրանց հետևից ընկնելով՝ հետապնդողները հեռվից տեսան նրանց: Եվ նրանք, ձեռքերը տարածելով՝ աղոթեցին Աստծուն: Երբ հասան հալածիչները, տեսան նրանց որպես երկու ծառ և պատմեցին մատնողին: Նա ելավ սարը ու գտավ նրանց աղոթելիս, և, ընկնելով Ս. Գրիգորի ոտքերը, ասաց՝ «Մեղա՛», և դարձավ քրիստոնյա: Մի օր սարկավագը ուզեցավ գնալ քաղաք, լողանալ բաղնիքում: Ս. Գրիգորը հրաման տվեց գնալ: Երբ սարկավագը գնաց, բաղնեպանը արգելեց նրան ու թույլ չէր տալիս նրան մտնել՝ ասելով. «Երեկոյան դևերը մտնում են բաղնիք ու խեղդում են նրանց, ում այնտեղ գտնում են»: Սարկավագը, խաչակնքվելով, հիշեց Քրիստոսին, մտավ բաղնիքի առաջին դռնով և լսեց մեծաձայն բարբառ, շարժումներ, ճայթյուններ, թնդյուններ, շաչյուններ և լալագին ողբեր: Նա կրկին արեց Սուրբ Խաչի նշանը՝ հիշելով Քրիստոսի անունը, և մտավ ներքին դռնով: Այնտեղ նույնպես սաստիկ շարժում եղավ, և հուրը ելնում էր ջրից: Իսկ նա՝ ամրացած Քրիստոսի հավատով, աներկյուղ էր մնում ու լվանում էր իրեն: Դևերն ասացին. «Եթե Գրիգորի աղոթքները չլինեին, որ հանձնեց քեզ Աստծուն, բաղնիքից կենդանի չէ՛իր դուրս գալու»: Սարկավագն ասաց. «Մեծ Գրիգորը, որ մտցրեց թղթով սատանային բագինների մեջ, որոնց սպասավորն էի ես, նա և այժմ կհալածի ձեզ այստեղից»: Եվ նույն ժամին, իբրև փոշի, դևերն անհետացան: Ապա սպասավորը ելավ բաղնիքից, գնաց սարը ու պատմեց երանելի Գրիգորին բաղնիքից դևերի հալածման մասին:
Հալածանքների ավարտից հետո Ս. Գրիգորը իջավ լեռից, գնաց քաղաք ու պատվիրեց բոլոր սրբերի տոնը կատարել ուրախությամբ:
Եվ տեսավ Ս. Գրիգորը ամբողջ քաղաքը քրիստոնյա և հույժ ուրախացավ: Միայն 17 հոգի մնացին անհավատ: Ս. Գրիգորը տրտմում էր նրանց համար, ովքեր զրկվեցին Քրիստոսի հավատից:
Եվ հասավ բարվոք ծերության, ու մոտեցավ նրա մահվան ժամանակը: Սուրբը հրամայեց, որ իր գերեզմանն օտար տեղում պատրաստեն, որպեսզի ամենևին նրա անվան հիշատակը չերևա: Սակայն ասում են, որ Գրիգորը կենդանության օրոք տեղ չգտավ, և երբ մահացավ՝ օտար գերեզմանում թաղվեց: Եվ այլ բազում հրաշքներ արեց Ս. Գրիգոր Սքանչելագործը, որոնք չգրվեցին: Այլ այսքանը, փոքր ի շատե, գրեց Ս. Գրիգոր Նյուսացին:
Քրիստո՛ս Աստված, Քո սրբազան հայրապետների աղոթքներով ողորմի՛ր մեզ: Եվս առավել այս գիրը ստեղծողին: