«Եվ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն Պետրոս կոչվածը, և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարթողիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որ և մատնեց Նրան» (Մատթեոս 10:1-7): Նրանք ընտրվեցին նախքան աշխարհի ստեղծվելը, և նրանց մասին մարգարեները կանխասացին: Առաքյալներն Ավետարանը տարածեցին աշխարհի չորս կողմերում: Նրանց միջոցով ծաղկեց ու պտղաբերեց Քրիստոսի հավատը և դրվեց սուրբ Եկեղեցու հիմքը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի տասներկու առաքյալների և Պողոս առաքյալի հիշատակը տոնախմբում է Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Այս տարի այն նշվում է հուլիսի 15-ին։ Հիսուսի ընտրած և նրա հետ շրջող առաքյալները տասներկուսն էին: Ս. Պետրոս առաքյալն, ով եռակի ուրացավ Քրիստոսին, դարձավ քրիստոնեական հավատի մեծագույն ջատագովը։ Նա Անդրեաս առաքյալի եղբայրն էր։ Ս. Պետրոսի կերպարը ցուց է տալիս, որ նույնիսկ եռակի ուրացողը զղջալուց հետո քրիստոնեական եկեղեցու արժանի զավակ կդառնա ու կներվի: Արդյո՞ք այս պատմությունն ինքնին քրիստոնեական վարդապետության մարդասիրության և ներողամտության մասին չի խոսում:
Ս. Պետրոս առաքյալը նաև քրիստոնեություն է քարոզել Ներոն կայսեր երկու կանանց, ինչի համար էլ մահապատժի է ենթարկվել 64թ.: Մահվանից առաջ խնդրում է իրեն խաչել գլխիվայր՝անարժան համարելով խաչվել Քրիստոսի պես: Անդրեասը Քրիտոսի առաջին աշակերտն՝ Անդրեաս Նախակոչն էր։Նա դեռ վաղ տարիքից նվիրել էր իրեն Աստծո փառաբանության գործին, և երբ քարոզիչ Ս. Հովհաննես Մկրտչի մասին լուրը հասնում է նրան, երիտասարդը որոշում է թողնել տունն ու հետևել Հովհաննեսին: Անդրեասը դարձավ նրա աշակերտը: Նա սրբի հետ էր, երբ Հովհաննեսը մկրտեց Քրիտոսին: Ապա, թողնելով Հովհաննեսին՝ գնաց Քրիստոսի հետևից: Հակոբոսը Հովհաննես ավետարանչի ավագ եղբայրն էր: Ըստ ավանդության, նրանք ազգականներն էին Ս. Մարիամ Աստվածածնի: Հիսուս Հակոբոսին և Հովհաննեսին տվեց «որոտման որդիներ» մականունը, քանի որ նրանց բնավորությունը շատ բռնկուն էր: Հակոբոսը համարվում է Իսպանիայի կարևորագույն սրբերից մեկը: Նրա անգլուխ մարմինն ամփոփվել է Սանտյագո դե Կոմպոստելա անվանված վայրում, որն այսօր շատ հայտնի ուխտատեղի է: Ս. Հովհաննես առաքյալն արժանացավ Աստվածամոր որդի կոչվել։ Եբրայերենից Հովհաննես` Յոհանան, նշանակում է՝ Տերը ողորմած է:
Հովհաննեսը Տիրոջ կողմից առաջին կանչվածներից և սիրելի աշակերտն է եղել: Վստահելով Հովհաննեսին՝ Տերը խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Առաքյալների շարքում Հովհաննեսը միակն է, ով չի մահացել նահատակությամբ: Հովհաննես առաքյալի կերպարն արվեստում, նկարչության, մանրանկարչության մեջ ներկայացվում է արծվի կերպարանքով: Արծիվը խորհրդանշում է առաքյալի հզոր ու թռչող միտքը, որով նա շարադրել է իր Ավետարանը:
Մատթեոսը Քրիստոսի 12 առաքյալներից է` տիրոջ ձայնով կանչվածներից: Մատթեոս՝ նշանակում է Աստծո ընծա: Պաշտոնով եղել է մաքսավոր` հռոմեական կայսրության պաշտոնյա հարկահավաք: Հին աշխարհում չկար որևէ այլ պաշտոնյա, ով այնքան ատելի լիներ մարդկանց, որքան հարկահավաքը: Հարկահավաքները դասվում էին ոճրագործների, ավազակների կողքին: Նշանավոր էին «հափշտակիչ» և «անարդար» որակումներով: Մատթեոսին Հիսուս Քրիստոսը կանչում է՝ հետևելու իրեն, երբ նա մաքսատանն իր գործն էր անում: Լսելով տիրոջ ձայնը` նա վեր է կենում, գնում, վաճառում իր ունեցվածքը, գումարը բաժանում աղքատներին և դառնում Քրիստոսի հետևորդը:
Ս. Մատթեոս առաքյալը հեղինակն է Նոր Կտակարանի առաջին գրքի` Մատթեոսի ավետարանի: Նրա Ավետարանը չորս ավետարաններից ամենաընդարձակն ու ամենաճոխն է: Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները եղան Հայ Եկեղեցու հիմնադիրները, որի համար Եկեղեցին կոչվեց Առաքելական։ Առաջին առաքյալն, ով քարոզեց Հայաստանում, Թադեոսն էր: Ըստ ավանդության, Թադեոս առաքյալը գալիս է Եդեսիա, ուր Քրիստոսի խոստման համաձայն, բժշկում է Աբգար թագավորին: Այնուհետև անցնում է Հայաստան և հասնում Վասպուրական նահանգի Արտազ գավառը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Սանատրուկ արքան: Թադեոսի քարոզությամբ Սանատրուկի դեռատի դուստր Սանդուխտը հավատում է Քրիստոսին: Սանատրուկ թագավորի հրամանով մահապատժի են ենթարկվում և՛ Սանդուխտը և՛ Թադեոս առաքյալը: Ս. Թադեոս առաքյալի գերեզմանը գտնվում է այժմյան Իրանի տարածքում գտնվող Ս. Թադե վանքում:
Բարդուղիմեսոը ստանում է Նախադավան առաքյալի փառավոր կոչումը, քանի որ առաջինն էր աշակերտներից, ով խոստովանեց Քրիստոսի աստվածությունը: Նրա անունը նշանակում է Թոլոմեի որդի և, ըստ եկեղեցու մի շարք հայրերի՝ Հովհաննեսի Ավետարանում հիշատակված Նաթանայելը Բարդուղիմեոսն է: Նրան Հիսուսի մոտ է բերում Ս. Փիլիպպոս առաքյալը: Երբ Հիսուս տեսնում է Նաթանայելին, ասում է. «Ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Ս. Փիլիպպոսն առաջինը կանչված առաքյալներից է: Մի պատանի փորձում էր կարդալ, ուսումնասիրել սուրբ գրությունները, որտեղ նշվում էր Մեսսիայի հայտնվելու մասին, Ում օր ու գիշեր անհամբերությամբ սպասում էր, սակայն նա չգիտեր, որ Մեսսիան արդեն ապրում էր մարդկանց մեջ: Մեծ եղավ նրա երջանկությունը, երբ Քրիստոս, գալով Գալիլիա, տեսավ նրան ու կանչեց իր ետևից: Այդ մեծ սպասելիքներով պատանին, ով հետո Քրիստոսի առաքյալներից մեկը պիտի դառնար, Փիլիպոսն է, ով նաև Բարդուղիմեոսին է բերել Քրիստոսի մոտ: Քրիստոսի հետ բացառիկ նմանության պատճառով Թովմա առաքյալին անվանում էին Երկվորյակ: Նրան «Թովմա անհավատ» կոչեցին Հիսուսի հարությունից հետո, երբ առաքյալը հրաժարվեց հավատալ հարությանը. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանները և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովն. 20:25): Բայց տեսնելով Ուսուցչին՝ անմիջապես հավատաց ու ասաց. «Տեր իմ, Աստված իմ» (Հովհ. 20:28): Քրիստոսի համբարձվելուց հետո Թովման քարոզեց Հնդկաստանում: Թովման համարվում է Հնդկաստանի քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը: Ս. Հակոբոս Ալփյան, Շմավոն և Մատաթիա առաքյալների միայն անուններն են հիշատակվում Ավետարանում: Իսկ եկեղեցու ավանդությունը պատմում է, որ Ս. Հակոբոս առաքյալը՝ Ալփեոսի որդին, եղբայրն է Ս. Մատթեոս ավետարանչի: Ս. Հակոբոսն Ավետարանը տարածել է Պաղեստինում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Ս. Շմավոն առաքյալը ծանոթ է Կանանացի մակդիրով, ինչպես նաև Սիմոն Նախանձահույզ անվանումով: Ս. Մատաթիա առաքյալն ընտրվել է վիճակահանությամբ՝ մատնիչ Հուդայի փոխարեն: Ս. Պողոսն, ում «Հեթանոսների առաքյալ» են անվանում, Հիսուսի 12 աշակերտներից չէր, սակայն նրա փառքն ավելին է, քան առաքյալներինը: Լինելով մոլեռանդ և իր կրոնին նախանձախնդիր հրեա ու փարիսեցի՝ հալածում էր քրիստոնյաներին: Սակայն մի անգամ, երբ Սավուղը գնում էր Դամասկոս՝ քրիստոնյաներին հալածելու, հանկարծ շլացուցիչ լույս է տեսնում ու լսում Հիսուսի ձայնը. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում Ինձ»: Սավուղը լույսից կուրանում և տարվում է Դամասկոս, որտեղ Անանիան վերականգնում է նրա տեսողությունը: Այս ամենից հետո Սավուղը, ով հետո վերանվանվում է Պողոս, հավատում է Քրիստոսին և դառնում Նրա աշակերտն ու քարոզիչը: Քարոզում է տարբեր երկրներում: Նահատակվել է 67թ. Հռոմում, Ներոն կայսեր հրամանով: Ս. Պողոս առաքյալից մեզ հասել են Նոր Կտակարանի մաս կազմող 14 նամակներ: Ավետարանիչը, պատմելով առաքյալների ընտրությունը, անհրաժեշտ է համարել մեկ առ մեկ թվարկել առաքյալների անունները՝ցույց տալու, որ ամեն մարդ կարևոր է Աստծո համար՝ որպես անհատականություն։ Աստված ոչ թե սիրում է մարդկանց առհասարակ, այլ՝ կոնկրետ մարդուն։ Քրիստոս հատուկ շեշտում է մարդու անհատականությունը, որովհետև կարևորում է վերջինիս փրկությունը: Որպեսզի մարդը փրկության հասնի, պետք է հաստատվի իբրև անհատականություն: Պետք է հասկանանք, որ մարդը կարող է շատ պակասություններ ունենալ, բայց կարևոր է անհատականություն լինել, խոսել սեփական ձայնով, հանդես գալ իրական պատկերով, չկեղծել սեփական անձը: