«Յուղաբեր», որովհետև միաշաբթի (կիրակի) առավոտյան գերեզման գնացին՝ Հիսուսի մարմինն օծելու իրենց պատրաստած անուշահոտ յուղերով:
Յուղաբեր կանանց մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Ղուկասի Ավետարանում. «Հիսուսը շրջում էր քաղաքներում ու գյուղերում, քարոզում էր Աստծո արքայությունը: Եվ նրա հետ էին Տասներկուսը և մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից» (Ղուկ. 8: 1-2):
Նրանք ոչ թե ամբոխի մասն էին, այլ նրանք, ովքեր հետևում և ծառայում էին Տիրոջը: Ղուկասը կանանցից նշում է երեք անուն. «Մարիամը, որ կոչվում էր Մագդաղենացի, և որից յոթը դև էր դուրս եկել, Հովհաննան` Հերովդեսի վերակացուի` Քուզայի կինը, և Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքից մատակարարում էին նրան» (Ղուկ. 8: 2-3):
Ղուկաս Ավետարանիչն այս հատվածում թեպետ երեք անուն է հիշատակում, բայց նաև ընդգծում է, որ «շատ ուրիշները» կային, ովքեր ծառայում էին Քրիստոսին «իրենց ստացվածքով»:
Յուղաբեր կանայք` Աստվածամոր և Հովհաննես առաքյալի հետ նաև Քրիստոսի խաչի մոտ էին` Գողգոթայում: Նրանք դրանով ցուցաբերեցին մեծագույն քաջություն` չվախենալով հետևանքներից, և մինչև վերջ հավատարիմ մնացին Քրիստոսին: Ահա այս հավատարմությունն է պատճառը, որ նրանք արժանի եղան տեսնել հարուցյալ Քրիստոսին և առաջինն իմանալ Քրիստոսի հարության մասին: Քրիստոսի Հարության պատգամը նախ տրվեց կանանց: Հարության մասին առաջին քարոզը առաքյալներին արվում է կնոջ միջոցով՝ Մարիամ Մագդաղենացու բերանով. Քրիստոս հարություն առավ:
Հարության լուրը Մագդաղենացին առաջինը հայտնեց Քրիստոսի առաքյալներին, ովքեր սկզբում չհավատացին նրան: Սակայն շուտով առաքյալներին հայտնվեց հարություն առած Տերը և հանդիմանեց նրանց, որ չէին հավատացել կանանց:
Ի տարբերություն յուղաբեր մյուս կանանց, ավանդությունը պատմում է Մագդաղենացու հետագա ճակատագրի մասին` Քրիստոսի հարությունից հետո: Լուրն ավետելու համար նա հետագայում հասավ Իտալիա` Տիբերիոս կայսեր մոտ: Նա պատմում է կայսրին Քրիստոսի և Նրա հարության մասին, ապա կարմիր ներկված ձու է նվիրում` ասելով. «Ընդունիր իմ ընծան, քանի որ Քրիստոս հարություն առավ»: Շնորհիվ սրա քրիստոնեական աշխարհում տարածվեց Սուրբ Զատկի տոնին միմյանց կարմիր ձու նվիրելու սովորությունը:
Կանայք կարևոր դեր ունեցան քրիստոնեության քարոզման և տարածման հարցում, որի լավագույն օրինակները յուղաբեր կանայք էին: Անձնազոհության, հավատարմության, քաջության ու անձնվիրութան օրինակներ ժամանակակից քրիստոնյա կանանց համար, ովքեր այժմ պետք է լինեն յուղաբեր կանանց գործի շարունակողները:
Եթե ընտանիքում, տանը կանայք իրենց օջախի խնամողն ու հոգ տանողն են, ապա եկեղեցում նրանք քրիստոնեական հավատի ու սիրո պահպանողն ու տարածողն են:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին յուղաբեր կանանց հիշատակում է Վերափոխման իննօրյակին հաջորդող երեքշաբթի օրը՝ Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների հիշատակության օրվա հետ:
Վիկտորյա Մարկոսյան