Դեկտեմբերի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի առաքյալներ՝ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը, ովքեր քրիստոնեության առաջին սերմերը դրեցին Հայաստան աշխարհում: Հիսուս, խոսելով իր աշակերտների հետ, ասաց. նոր ժամանակներ են սկսվում, եկել է ծառայության ժամը, ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում, գնացե՛ք, քարոզեցե´ք, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ: (Մարկոս 16.15-20): Քրիստոսի համբարձումից և հոգեգալստից հետո, Տիրոջ տասներկու աշակերտները շրջեցին ողջ աշխարհով մեկ և ամենուր տարածեցին Քրիստոսի Ավետարանի լույսը: Հայոց աշխարհ եկան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները:
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները համարվում են մեր առաջին լուսավորիչները, որովհետև եղան Հայոց աշխարհի առաջին քարոզիչները և մարտիրոսները, ովքեր, Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով, դարձել են Հայ եկեղեցու հիմնադիրները: Ուստի, հայ եկեղեցին կոչվում է առաքելական: Ս. Բարդուղիմեոս առաքյալը, հետևելով Քրիստոսի պատգամին, մարերի, պարսիկների և ասորիների երկրներում քարոզելուց ու զորավոր նշաններ գործելուց հետո, եկավ հայոց Գողթն գավառը, որտեղ ևս քարոզեց Քրիստոսի Ավետարանը: Այստեղ նա հանդիպեց Թադեոս առաքյալին և իրենց հանդիպման վայրում` բլուրի վրա, կանգնեցրեցին Սուրբ Խաչի նշանը, որի հովանու ներքո և օթևանեցին: Այնուհետև այդ խաչը կոչվեց Օթյաց խաչ: Հաջորդ օրը նրանք միմյանցից բաժանվեցին: Բարդուղիմեոսը եկավ Աղբակ գավառ, որտեղ և ծավալեց իր քարոզչական հետագա գործունեությունը: Վերջինիս հաջողվեց քրիստոնեությունը քարոզել Սանատրուկ թագավորի արքունիքում: Թագավորի ազգականներից և իշխանուհիներից ոմանք դարձի եկան, որոնց թվում էր արքայաքույրը՝ Ոգուհի իշխանուհին: Նոր կրոնը նրա սիրտն էլ էր «գողացել»: Ս. Բարդուղիմեոսի գալուստը նրա համար օրհնություն եղավ, բայց թագավորը, իմանալով այդ մասին, հազարապետին ուղարկեց, որ սպանի Բարդուղիմեոսին և այդ պահին առաքյալը ձեռքերը վեր բարձրացրեց դեպի երկինք և ասաց. «Տե՛ր Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, օգնիր հոգ տանեմ այս երկրի համար, որ ոտնահար չլինի թշնամուց: Սրանց տուր ողորմության շնորհ, որպեսզի դառնան սնոտի կուռքերի երկրպագությունից, որ զուր և անտեղի մոլորվել են անհավատության տգիտությունից: Սրանց տուր հովիվ և առաջնորդ, որ քեզ ճանաչեն միակ ճշմարիտ Աստված և, որ առաքեցիր Հիսուս Քրիստոսին: Ինձ ևս ընդունիր, Տեր իմ, և Քեզ հավատացողներիս պահիր»: Երբ սա ասաց՝ հողը շարժվեց, և ահա լուսեղեն կամարը եկավ կանգնեց սրբի վրա: Եվ նա նայեց վերև՝ երկինք, ավանդեց հոգին և անուշության հոտ բուրեց: Թադեոս առաքյալը, Եդեսիայում քարոզչությունն ավարտելով, անցավ Հայաստան: Այստեղ ամենուր տիրում էր կռապաշտությունը: Ս. Թադեոսը, շրջելով զանազան քաղաքներում, քարոզեց քրիստոնեությունը, շատերը հավատացին Հիսուսին և մկրտվեցին: Սանատրուկի դուստրը` Սանդուխտ կույսը, սրբի քարոզներին ունկնդիր լինելով, դարձավ քրիստոնյա: Այս մասին իմանալով` թագավորը հրամայեց դստերը և նորադարձ բոլոր քրիստոնյաներին ձերբակալել: Այդ ընթացքում Թադեոսը գաղտնի այցելում էր բանտ` մխիթարելու ձերբակալվածներին: Այցելություններից մեկի ժամանակ Թադեոսն աղոթում էր նորադարձ քրիստոնյաների համար, և հանկարծ նրանց շղթաները հրաշքով քանդվեցին: Բանտապետը, տեսնելով այս, հավատաց Քրիստոսին և մկրտվեց: Թագավորը պատգամավոր ուղարկեց բանտ, որ համոզի դստերը` կրկին հեթանոսություն ընդունելու: Պատգամավորը, գալով բանտ և տեսնելով բանտարկյալների քանդված շղթաները և նրանց ուրախ տրամադրությունը, լսելով Թադեոսի քարոզը, նույնպես ընդունում է Քրիստոսին: Այս իմանալով` թագավորը հրամայում է բոլոր քրիստոնյաներին սպանել` բացի Թադեոսից և Սանդուխտից: Երկար փորձերից ու տանջանքներից հետո, տեսնելով դստեր անկոտրում կամքը, հրամայում է սպանել նրան: Այնուհետև, թագավորն իր մոտ կանչելով Թադեոսին, հարցնում է, թե ինչու՞ իր դստերը հեռացրեց իրենից: Թադեոսը պատասխանում է. «Քեզնից վերցրի և ընծայեցի Աստծուն»: Բարկացած թագավորը հրամայում է առաքյալին նետել առյուծների վանդակը, բայց կենդանիները, սրբին հոշոտելու փոխարեն, ոտքերն էին լիզում: Հրամայեց այրել, բայց երկնքից անձրև տեղաց և կրակը մարեց: Դահիճը փորձեց սպանել Թադեոս առաքյալին, բայց երբ սուրը պատյանից հանեց, դիպավ եղբորը, և եղբայրը մահացավ: Թադեոսը խղճաց և աղոթելով` հարություն տվեց մեռածին, որից հետո, դիմելով դահճին, ասաց, որ նա կատարի թագավորի հրամանը, և դահիճը կտրեց սրբի գլուխը: Սուրբ Թադեոսը նահատակվեց Արտազ գավառի Շավարշավան գյուղաքաղաքում: Նրա նահատակության օրն ավելի քան 3500 հայեր դարձան քրիստոնյա: Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սբ. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19.34), ինչպես նաև մի բաժին այն յուղից (մյուռոն), որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին, իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը: