Ս. Բարսեղ Մեծ Կեսարացին, Ս. Գրիգոր Նյուսացին և Ս. Եփրեմ Խուրի Ասորին մեր եկեղեցու հայրերի մեջ հանդիսանում են այն հիմնասյուները, ովքեր ձևավորել են ոչ միայն եկեղեցու վարդապետությունն, այլև ստեղծել են այնպիսի հոգևոր ժառանգություն, որի միջոցով մինչ օրս կազմակերպվում է ներկայիս հոգևոր կյանքը:
Ս. Բարսեղ Կեսարացին 12 տիեզերական վարդապետներից է: Նրան անվանում էին Ընդհանրական Եկեղեցու պայծառ ջահ և ավետարանական ճշմարտության լուսափայլ արեգակ: Նրա հմուտ և շնորհաբուխ գրչին են պատկանում բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված քրիստոնեական ընդհանուր վարդապետությանը, դավանական խրթին հարցերին, ճգնավորությանը և աստվածպաշտական կանոններին: Ս. Բարսեղ Կեսարացու պատարագամատույցը մեր Եկեղեցու Ս. Պատարագի կարևոր աղբյուրներց մեկն է: Իսկ եկեղեցին առանց Ս. Պատարագի խորհրդի գոյատևել չի կարող: Ս. Պատարագը մեր հոգևոր կյանքի հիմքն է, որով իրական է Քրիստոսի կենարար ներկայությունը մեր կյանքում:
Կյանքի վերջում Կեսարացին ողջ կարողությունները նվիրեց անաչառ ու անվախ հոգով թագավորներին հանդիմանելու, թուլասիրտ հավատացյալների ուրացումը կանխելու, նաև արիոսական աղանդի էությունը բացահայտելու գործին:
Ս. Գրիգոր Նյուսացին՝ 12 տիեզերական վարդապետներից մեկը, վարքագիրների կողմից կոչվել է Եկեղեցու սյուն և աղանդների հզոր հակառակորդ: Եղել է Հայոց աշխարհում, ինչպես նաև Երուսաղեմում՝ այցելելով սուրբ վայրերը: Գրել է մեկնություններ, ներբողներ, ճառեր, թղթեր, հակաճառություններ: Նրա երկերից հատկապես կարևոր են Ժողովողի, ինչպես նաև Սուրբ Գրքի մեկնությունները:
Ս. Գ. Նյուսացու մեկնությունները բավականին լուրջ, հեղինակավոր և վստահելի հոգևոր աղբյուրներ են:
Դեռևս իր կյանքի օրոք Ս. Եփրեմը հայտնի էր ողջ քրիստոնյա Արևելքում որպես հոգևոր քերթվածքների հեղինակ: Ս. Եփրեմ Խուրու աղոթքները հավատացյալների շրջանում մեծ տարածում և կիրառելիություն ունեն՝ հատկապես այդ աղոթքների մեջ առանձնանում է Ապաշխարության աղոթքը, որը, թերևս, ամենասիրելիների շարքից է: Ս. Եփրեմ Խուրու Ապաշխարության աղոթքը անփոխարինելի ուղեցույց է, թե ինչպես պետք է ապրի հավատացյալը, ինչպես ապաշխարի և թողություն խնդրի Աստծուց:
Ժամանակակիցների վկայությամբ՝ նա ուներ հոգևոր խորհուրդների ի վերուստ բացահայտման և Սուրբ Գիրքը մեկնաբանելու շնորհ: Նրա գրական ժառանգությունը, որն ընդգրկում է մեկնություններ, ճառեր, հոգևոր բանաստեղծություններ և աղոթքներ, հույժ կարևոր տեղ է գրավում Եկեղեցու վարդապետարանում:
Առանց հաղորդության չկա քրիստոնեություն, չի կարող գոյություն ունենալ եկեղեցին: Առանց Սուրբ Գրքի չկա ճշմարիտ Աստված ճանաչում: Առանց աղոթքի չկա կենդանի հաղորդակցում Աստծո հետ:
Կարող ենք վստահաբար փաստել, որ այս երեք հայրերի շնորհիվ է, որ մենք ունենք վերը նշվածները: Նրանք են ուղենշել մեզ այս ճանապարհը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին