Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օր

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի:

 
Առաքյալներից ամենաշատ պահպանված տեղեկություններն հենց նրա մասին են: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Երբ Պետրոսը Հիսուսին առաջին անգամ իր նավակում ընդունեց, Նրա հրամանով ուռկանը կրկին անգամ ծովը նետեց և ուռկանը պատռվելու աստիճան ձկներով լցվեց, Պետրոսը անդրադարձավ Նրա գերբնական զորությանը և անկեղծորեն զգալով նրա նկատմամբ իր անարժանությունն՝ ասաց. «Իմ մոտից հեռացի՛ր, Տեր, ես մի անարժան մարդ եմ»: Հիսուսը նրան սրտապնդելով ասաց. «Մի՛ վախեցիր, սրանից հետո երկնքի արքայության համար մարդկանց որսորդ պիտի լինես»: Պետրոսի մեծության գագաթը իր ծանոթ դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին», որի համար Հիսուս երկրորդ անգամ նրան «վեմ» կոչեց: Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Պետրոսն էլ իր ժամանակակիցների նման գրեթե նույն սխալ ըմբռնումն ուներ Մեսիայի մասին: Երբ Հիսուսը հաստատում է, որ հակառակ իր Մեսիա և Աստծո Որդի լինելուն, պիտի չարչարվի և Իր ազգի մեծամեծների կողմից պիտի սպանվի, իր առաջին հաջողությունից քաջալերված, Հիսուսի թևից բռնելով, մի կողմ է տանում և Նրան միայն բարիք ցանկացող բարեկամի անկեղծությամբ սկսում համոզել, որ այդպիսի գաղափարներն Իր մտքից հանի: Քրիստոսը շրջվում է Պետրոսի կողմը և նայելով նրա աչքերի մեջ ասում. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:16-23): Պետրոսն իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ նրան: Ապա խորապես զղջաց և դառնորեն լացեց: Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ: Հոգեգալուստից անմիջապես հետո նա է, որ հանուն իր ընկերների, բացատրում է այդ հրաշալի երևույթի իմաստը: Պետրոսը տալիս է քրիստոնեական առաջին քարոզը և Քրիստոսի հարության առաջին վկայությունը, այսպիսով շահելով, երեք հազար նորադարձների երախայրիքը: Որոշ ժամանակ անց Հերովդես թագավորի կողմից ձերբակալվեց և բանտարկվեց, բայց Աստվածային միջամտությամբ նույն գիշերն ազատվեց բանտից:
 
Նոր Կտակարանում հիշատակվում են շատ այլ գործիչներ, որոնց նույնպես տրվում է «առաքյալ» պատվանունը: Նրանցից մեծագույնը Պողոս առաքյալն է: Թեև, Պողոսը Հիսուսին տարեկից է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրոք տեսած լինի: Պողոսի հրեական անունը Սավուղ է: Պողոսը երեք մշակույթների կրողն էր: Ծնունդով և կրոնով հրեա էր, ուսումով և լեզվով՝ հույն, քաղաքացիությամբ՝ հռոմեացի: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Քանի որ պայքարում էր հրեական ծիսամոլության դեմ, բազմիցս ենթարկվել է շարունակական հալածանքների և չարչարանքների: Շուրջ հինգ տարի բանտարկության մեջ է անցկացրել Երուսաղեմում, Կեսարիայում և Հռոմում, հինգ անգամ գանակոծության է ենթարկվել և շարունակ տաժանակիր և հոգնեցուցիչ ճամփորդությունների մեջ եղել:
 
Հայ Առաքելական եկեղեցին Պետրոսի հիշատակը տոնում է Պողոս Առաքյալի հետ միասին «Գլխավոր Առաքյալներ» անվամբ, Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոներին:
 
  • 2021-08-09
×