Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր խորհուրդների ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում է Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա, բայց Քրիստոս հանդիմանում է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. Գ: 17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է Գործք Առաքելոցում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, որն էլ այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխադիրը:
Ս. Հովհաննես առաքյալը չորրորդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Նա հետևել է Հիսուսին՝ չարչարանաց գիշերից մինչև Գողգոթա: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտել է Հովհաննես Մկրտչին: Իր եղբոր՝ Հակոբոսի և Պետրոս առաքյալի հետ, ներկա է եղել Հայրոսի աղջկա հարությանը, Հիսուսի պայծառակերպմանը Թաբոր լեռան վրա և նրա վերջին աղոթքին՝ Գեթսեմանիի պարտեզում: Նա էր, որ կիրակի առավոտյան Պետրոսի հետ գնաց Տիրոջ գերեզմանը և, այն թափուր գտնելով, հավատաց Հիսուսի հարությանը՝ նրան դեռ չտեսած:
Հովհաննեսն իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ եղել է Երուսաղեմի առաջին եկեղեցու սյուներից մեկը:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Որոտման Որդիների` Հակոբոս առաքյալի և Հովհաննես ավետարանչի հիշատակի օրը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ