Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը

Եկեղեցին սուրբ է կոչում բոլոր նրանց, ովքեր ապրել են աստվածային սրբությամբ, Նրա շնորհներով սրբագործվել են ու արժանացել փրկության:Այդ սրբերն անդադար բարեխոսում են բոլորիս համար՝ ներգործուն մասնակցություն ունենալով Եկեղեցու կյանքում, որն էլ մշտապես տոնում է նրանց բոլորի հիշատակության օրը:
 

Այսօր՝ փետրվարի 9-ին, Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների ու թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի հիշատակության օրն է:
 

Ս. Գրիգոր Լուսավորիչը պարթևական տոհմից էր, ում հայրը սպանեց Խոսրով արքային, և դայակները, վախենալով իշխանությունների վրեժխնդրությունից, փոքրիկ Գրիգորին ուղարկում են Կեսարիա, որտեղ անցնում է տղայի մանկությունը: Չափահաս դառնալուն պես՝ Գրիգորն ամուսնացավ՝ ունենալով 2 որդի՝ Արիստակեսին ու Վրթանեսին: Գրիգորը, հոր արարքի մասին իմանալով, որոշում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատի մոտ մտնել ծառայության և չհայտնել նրան իր ով լինելը: Որոշ ժամանակ հետո Տրդատ թագավորն իմանում է նրա քրիստոնյա լինելու փաստը և փորձում է բռնությամբ դավանափոխ անել, բայց ապարդյուն: Դրան հաջորդեց այն, որ թագավորին իմաց տվին, որ Գրիգորը նրա հորը սպանողի որդին է: Տրդատը հրամայեց Գրիգորին նետել Խոր Վիրապի փոսը, որը լիքն էր թունավոր օձերով, և դեռևս ոչ ոք այնտեղից չէր ազատվել:
 

Ստացվեց այնպես, որ 13 տարի Ս. Գրիգորն անվնաս մնաց այդ փոսում, ինչից հետո Տրդատի քրոջը տեսիլք հայտնվեց, որ նրա եղբորը ծանր հիվանդությունից կարող է փրկել միմիայն Գրիգորն, ում դուրս բերեցին Խոր Վիրապից և տարան Վաղարշապատ, որտեղ էլ 65 օր շարունակ Ս. Գրիգորը բոլորին քարոզեց Քրիստոսի հավատը, ինչպես նաև բժշկեց Տրդատին:
 

Ս. Գրիգորն իր առաքելությունն ավարտելուն պես՝ մեկնեց Կեսարիա, որտեղ էլ ձեռնադրվեց հայոց հայրապետ: Հենց նրա շնորհիվ ու ջանքերով էլ քրիստոնեությունը 301թվականին հռչակվեց իբրև պետական կրոն:
 

Վրթանեսն ու Արիստակեսը Գրիգոր Լուսավորիչի որդիներն էին, ովքեր իրենց քրիստոնեական կրթությունը ստացել էին Կեսարիայում:
 

Արիստակեսն ամբողջապես իր կյանքը նվիրեց անապատական կյանքին և տրվեց ճգնակեցության: Ականջալուր լինելով մի շարք քրիստոնյաների թախանձանքներին՝ Արիստակեսը ընդունում է Հայաստան գալու Տրդատ թագավորի հրավերը և որպես Ս. Գրիգորի իրավահաջորդ ձեռնադրվում է եպիսկոպոս: Չմոռանալով ճգնավորի իր կենսակերպը՝ Արիստակեսը մեծ ակտիվությամբ կատարում է նաև հովվական ծառայություն: Իհարկե, արքայի մահից հետո Արիստակեսը չի հանդուրժում երկրի նախարարների անկարգությունները և հանդես է գալիս մի շարք հանդիմանություններով: Այդ ամենից հետո, նախարարներից մեկը սպանում է նրան:
 

Վրթանեսը զինվորական էր, ամուսնացած էր, ուներ երկու որդի՝ Գրիգորիսը և Հուսիկը: Վրթանեսը եղբոր մահից հետո դառնում է հայոց հայրապետ: Այդ ժամանակահատվածում Հայաստանը շատ բարդ ու լարված քաղաքական իրավիճակում էր, բայց շնորհիվ Վրթանեսի աչալուրջ և վճռորոշ խորհուրդների՝ առկա դժվարությունները բարեհաջող չեզոքացվում են: Ինչպես հոր, եղբոր այնպես էլ նրա ողջ գործունեությունը միտված է եղել Հայաստանում առկա հեթանոսության մնացորդների վերացմանը: Իր զավակներից կրտսերը՝ Հուսիկը, դարձավ հոր օգնականը և ամեն ինչով աջակցեց նրան: Հոր մահից հետո նա ձեռնադրվեց եպիսկոպոս ու դարձավ հայոց հայրապետ: Ամուսնացավ, ունեցավ երկու որդի, ովքեր, ինչպես Հուսիկի տեսիլքն էր հուշել, չէին նվիրվելու Աստծո սպասավորությանը, ինչը խորապես վշտացրել էր Հուսիկին, որովհետև նրա միակ ցանկությունն էր շարունակել Լուսավորչի սերունդը՝ իբրև Աստծո սպասավորների զարմ: Հուսիկը, այնուամենայնիվ, մխիթարվեց, որովհետև իմացավ, որ նրա զավակներից աստվածապաշտ թոռներ են ծնվելու: Հուսիկ հայրապետը մինչև մահ առանց աչառության հավատարիմ մնաց իր կոչմանը:

 

 

Լիլիանա Օսիպյան

  • 2021-08-20
×