Այսօր Հովնան մարգարեի հիշատակության օրն է

Այսօր Հովնան մարգարեի հիշատակության օրն է

Մարգարեները Աստծո հայտնությունների բանբերն են, որոնց Տերը բացահայտում է Իր ծրագրերը:

 

Եկեղեցական ավանդության  մեջ մարգարե են կոչվում հատկապես հին ուխտի այն ընտրյալ անձինք, որոնց Տերը ծառայության էր կանչում: Նրանց շուրթերից հնչում էին ոչ միայն  հեռու և մոտ ապագայում կատարվելիք իրադարձությունների կանխատեսումներ, այլև հանդիմանություն և նախազգուշացում, ապաշխարության կոչ և փրկության ավետում: Այլ կերպ ասած՝ մարգարեները հանդես էին գալիս իբրև Աստծո սպասավորներ և Աստծո խոսքի փոխանցողներ:

 

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հովնան Մարգարեի հիշատակության օրը: Նա այն  մարգարեն է, ում միջոցով Աստված կանխահայտնել էր Հերոբովամ 2-րդ թագավորի հաղթանակները: Հովնանը առաջին հրեա մարգարեն էր, որին Աստված ուղարկեց հեթանոսական երկիր՝ Ասորեստանի Նինվե քաղաք և պատվիրեց զգուշացնել անհավատ նինվեացիներին՝ հետ կանգնելու իրենց մեղքերից: Այս մասին պատմվում է Հովնանի անունը կրող մարգարեական գրքում: Այն սքանչելի լեզվով գրված բազմախորհուրդ գիրք է և աստվածաշնչյան ամենահայտնի պատմություններից մեկը: Հովնան մարգարեն փորձեց չհնազանդվել Աստծուն և փախուստի դիմեց: Նա Թարսիս գնացող նավ նստեց, որ Նինվեի հակառակ ուղղությամբ էր: Ճանապարհին փոթորիկ բարձրացավ, և Հովնանը հասկացավ, որ դա Աստծուց փախչելու հետևանքով էր: Աստված փրկեց նրան ծովի ալեկոծությունից՝ խոշոր կետ ձկան փորում պահելով: Հայտնվելով ձկան փորում՝ նա զղջաց իր արածի համար և գոհություն հայտնեց Տիրոջն՝ իրեն փրկելու համար: Երեք օր հետո, Աստծո հրամանով, ձուկը Հովնանին ծովափ նետեց: Աստված մարգարեին երկրորդ հնարավորությունը տվեց. նորից պատվիրեց գնալ Նինվե: Այս անգամ Հովնանը հնազանդվեց: Նրա քարոզչության շնորհիվ Նինվեի բնակիչներն ապաշխարեցին: Հովնանի այս պատմությունն արտահայտում է մի քանի էական ճշմարտություններ. այն Աստծո գթասրտության վկայությունն է, Աստված Իր սերը չի վերապահում միայն իսրայելացիներին, այլ նաև՝ օտարներին: Նա Հովնանին դարձի գալու երկրորդ հնարավորությունն է տալիս: Աստված ոչ միայն կարեկցում է Իր ծառային, այլև փորձում է նրան սովորեցնել նման վերաբերմունք ունենալ մյուսների նկատմամբ:


 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-20
×