4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում:
Քառասուն զորականների քրիստոնյա լինելու իրողությունը հայտնի էր բոլորին: Այդ պահին նրանք գտնվում էին Սեբաստիայում: Իսկույն դուքսի հրամանը փոխանցվեց Սեբաստիայի զինվորական դատավորին` Ագրիկողայոսին, որպեսզի ձերբակալի քառասուն զորականներին և հարցաքննություն կատարի` մինչև դուքսի ժամանումը Սեբաստիա:
Երբ այս լուրը հայտնեցին քաջ զինվորներին, նրանք ո՛չ խռովվեցին և ո՛չ էլ վախեցան, այլ քաջալերում էին միմյանց: Ավելի խոր ու սերտ միությամբ, իբրև մեկ հոգի, ամրացան, զորացան իրենց հավատքի մեջ և արիությամբ, անվախ կեցվածքով դիմավորեցին սպառնալիքը: Անդրդվելի էին քառասուն վկաները: Անընկճելի` իրենց կամքը: Անհաղթահարելի` իրենց հավատքը:
Նրանք միշտ հավատարիմ մնացին իրենց հավատին, ինչն էլ մեծ զայրույթ առաջացրեց կայսեր Լիկիանոսի մոտ, և վերջինիս հրամանով էլ 40 վկաներին նետեցին Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը:
Հրամանն այսպիսին էր՝ հանել այդ 40 վկաների հագուստները, նետել լիճը, որ իրենք, սառնությանը չդիմանալով, մահանան: Ավելին՝ կայսեր հրամանով լճի մոտ բաղնիք կառուցեցին, որ ով չդիմանար այդ գայթակղությանը, մտներ բաղնիք՝ այդպիսով ուրանալով հավատքը: Այսպես բոլորը պայքարեցին և չընկրկեցին, բացի մեկից, ով սառնությանը չդիմանալով՝ իրեն նետեց տաք բաղնիքն ու մահացավ:
Հանկարծ, գիշերվա կեսին, երկնային մեծ լույս ծագեց լճի վրա` արևի ճառագայթների նման, և նրա ջերմությունից սառույցը սկսեց հալվել: Սա տեսնելով՝ հեթանոս պահապաններից մեկը, նետվեց լճի մեջ ցույց տալով նրա՝ Քրիստոսի լույսով լցված լինելը:
Առավոտյան նրանց հանեցին լճից և ենթարկելով սարսափելի տանջանքների` սպանեցին: Ապա լցրեցին սայլերի վրա և տարան գետեզր:
Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը:
Վերջիններիս հավատարմությունը վառ օրինակ է ամուր հավատի, և յուրաքանչյուր ոք օրվա խորհրդի նպատակով գեթ մեկ մոմ վառելով՝ պիտի Տիրոջը խնդրի, որ այս կյանքի դժվարություններն այնքան զորեղ չգտնվեն, որքան նրանց հավատն է: Պետք է կարողանալ ցանկացած դեպքում հաղթահարել դրանք:
Հիշեցնենք նաև, որ Քառասուն մանկանց հիշատակության օրվա առթիվ մի շարք եկեղեցիներում կատարվում է յուղի օրհնություն, որը կարող են հավատացյալները իրենց տուն տանել:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին