Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը: Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն, ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների), միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր, չնայած ծեր տարիքին, երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ.1:5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ Տաճարում ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, Սուրբ Հոգով լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված Մեսիայի (Քրիստոսի) գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1: 8-25)։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։ Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիսաբեթը հանդիպում է Մարիամ Կույսին, ով արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1: 35-45)։ Հովհաննեսի ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել Աստծուն (Ղուկ. 1: 67-75)։ Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես, որ թարգմանվում է աստվածաշնորհ:
Հայ Առաքելական Եկեղեցու ավանդության համաձայն` Հիսուսի Մկրտությունը Հովհաննեսից տեղի է ունեցել հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդից ճիշտ 30 տարի հետո նույն օրը։ Այս Մկրտության մասին ամենաընդարձակը Ավետարանիչներից խոսում է Մատթեոսը. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ և դու ինձ մոտ ես գալիս»: Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»: Եվ ապա նրան թույլ տվեց։ Եվ երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ. և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ Եվ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3: 13-17)։ Գրեթե նույնը կրկնում են նաև Ղուկաս և Մարկոս Ավետարանիչները՝ ավելացնելով միայն, որ Հիսուսը մկրտվելիս աղոթում էր (Ղուկ. 3: 21) և որ աղավնին իջավ «մարմնավոր տեսքով» (Ղուկ. 3: 22)։ Այն, որ ետևից Եկող ավելի Զորեղը պետք է մկրտվեր իրեն ծառայից ցածր դասող Հովհաննեսից, զարմանք է առաջացնում Մկրտչի մոտ. նա ինքն էր ցանկանում մկրտվել Քրիստոսից, սակայն Հիսուսը պնդում է, որ Աստծո ցանկությունը Իր Մկրտությունն է և անհրաժեշտ է հնազանդ լինել աստվածադիր օրենքին։ Այնուհետև Ավետարանիչները խոսում են 2 հրաշքի՝ աղավնու տեսքով Սուրբ Հոգու էջքի և երկնքից հնչող ձայնի մասին։ Համաձայն Հովհաննես Ավետարանչի՝ աղավնու իջնելը նշան էր Հովհաննեսի համար, որով նա պետք է ճանաչեր, որ Հիսուսն է Աստծո որդին (Հովհ. 1: 32-34)։ Նույն նպատակն էր հետապնդում նաև երկնքից հնչած ձայնը, որն արդեն ժողովրդի լայն զանգվածներին հայտարարեց, թե ով է Քրիստոսը։
«Ապաշխարեցե'ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3: 2)
Հովհաննեսի այս քարոզչությունն այնքան մեծ ժողովրդականություն է ձեռք բերում մարդկանց շրջանում, որ նրան հարցաքննելու են գալիս անգամ հրեա առաջնորդները. այստեղ Հովհաննեսը վերջնականապես փաստում է իր՝ Քրիստոսը չլինելը և հիմնավորապես պնդում, որ ինքը մեկն է, ով պատրաստում է Աստծո Գառի՝ Քրիստոս Հիսուսի ճանապարհը, ճանապարհը Մեկի, Ումից նա չափազանց փոքր է, Ում առաջ անգամ ստրկություն չի կարող անել և արձակել Նրա կոշիկների կապերը (հմմտ. Հովհ. 1:15-28), Մեկի, ով պետք է մկրտի Հոգով և հրով (Մարկ. 1:7, Ղուկ 3:16)։
Ս. Հովհաննես Մկրտչի մասին տեղեկություններն այդքան էլ հարուստ չեն: Մենք երկար դադարից հետո Ավետարանում հանդիպում ենք նրան այն դրվագում, որտեղ նա, Հերովդես արքային քննադատելու համար, բանտարկվում է: Ղուկաս Ավետարանիչն այդ առթիվ հայտնում է. «Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից, իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և այն բոլոր չարիքների համար, որ Հերովդեսը գործել էր, այդ բոլորի վրայ ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց» (Ղուկ. 3: 17-18 հմմտ. Մատթ. 14: 3-4, Մարկ. 6: 17-18)։ Բանն այն է, որ Հերովդական ընտանիքում ամուսնական կապերը միշտ եղել են չափազանց խճճված։ Այսպես՝ Հերովդես Մեծի բազում ամուսնություններից սամարացի Մաղթակիայից ունեցած որդին էր Հերովդես Անտիպասը, ով հոր մահվանից հետո դարձավ Գալիլիայի և Պերեայի չորրորդապետը։ Սա ամուսնացած էր իր հարևան Արաբիայի Նաբատեական արքա Արետաս Դ-ի դստեր հետ: Սակայն ժամանակի ընթացքում, չդավաճանելով իր տոհմում արմատ գցած խառնամուսնությունների սովորությանը, ինքն էլ դիմեց նման քայլի. այցելելով իր եղբորը՝ Փիլիպպոսին, Անտիպասը սիրահարվեց եղբոր կնոջը՝ Հերովդիային և նրան ամուսնության առաջարկ արեց։ Հերովդիան, որ միևնույն ժամանակ դուստրն էր Հերովդես Անտիպասի ոչ հարազատ մեկ այլ եղբոր (այսինքն Անտիպասի զարմուհին էր), չմերժեց առաջարկը: Սա հաշվի առնելով՝ Հովհաննես Մկրտիչը՝ որպես ճշմարիտ մարգարե, մի քանի պատճառ ուներ Հերովդեսին հանդիմանելու՝ ամուսնություն եղբոր կնոջ հետ (Մարկ 6: 18, Մատթ. 14: 4 հմմտ. Ղևտ. 20: 21, 18: 16), ամուսնություն ազգականի հետ՝ արյունապղծություն, կրկնամուսնություն առանց նախկին կնոջն արձակելու (հմմտ. Բ Օր. 24: 1): Մի պատճառ էլ ներկայացնում է Փլավիոս պատմիչը «Հրեական հնախոսություններում»(18/5:2). այդ պատճառը հեղափոխական գաղափարներն էին Մկրտչի խոսքում: Թեև Ավետարանները չեն նշում բանտարկության վայրը, բայց Հովսեփոս պատմիչը հստակ տալիս է սահմանամերձ Մաքերոն ամրոցի անունը: Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի՝ Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14: 5, Մարկ. 6: 19-20)։ Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին: Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»: Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»: Եվ թագավորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6: 22-29)։ Հովսեփոս Փլավիոսը հայտնում է պարուհու անունը՝ Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից): Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնիվ նա կատարում է իր խոստումը՝ միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու։ Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք Մաղաքիա Օրմանյանի այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած Մկրտչի հիշատակին՝ Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան, Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակությունը, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի, Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի: Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է, և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը: