Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օր

Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օր

Եղիա մարգարեն հայտնի է իբրև մեծ հրաշագործ, անվախ քարոզիչ և նախանձախնդիր հավատացյալ: Մարդկանց մեջ չկար զորությամբ նրան հավասար: Եվ այսօր էլ Եղիա մարգարեն իր հավատքի ողջ զորությամբ կանգնած է մեր առջև` իբրև օրինակ ճշմարիտ հավատացյալի: Նա մեկ խոսքով փակեց երկինքը, երկնքից կրակ իջեցրեց, հարություն տվեց մեռելներին և մարմնով բարձրացավ երկինք: Այս ամենով հանդերձ նա մեզ նման սովորական մահկանացու է, ինչպես վկայում է Հակոբոս առաքյալը (Հակոբոս 5:17): Ուստի որտեղի՞ց այս մարդուն այսպիսի զորություն: Եղիա մարգարեն պարզապես սիրում էր Աստծուն, սա էր նրա զորության գաղտնիքը: Դեռ նորածին ժամանակ, մարգարեի հայրը` Սավուղը, տեսավ լուսավոր մարդկանց իր երեխայի շուրջ, ովքեր կրակը մոտեցրին երեխայի շուրթերին: Այս տեսիլքը վկայում էր այն մասին, որ մանուկը կրակոտ, ուժեղ և ազդու խոսք կունենա:

 
 
Եղիա նշանակում «Աստծո ամրոց», ինչը բնութագրում է մարգարեի ողջ առաքելությունն ու կյանքը: Նա Ահարոնի տոհմից էր, դաստիարակվել էր քահանաների կողմից և ապրել ճգնակենցաղ կյանքով: Այս առումով նա եղավ վանականության հիմնադիրը: Մարգարեն աշխարհի անարդարության ու չարության նկատմամաբ անտարբեր չեղավ: Ժամանակին Իսրայելի թագավորը Աքաաբն էր, ով անհավատ չէր, սակայն հանդուրժում էր թագուհու` փյունիկեցի Հեզաբելի կռապաշտ ընթացքը:
 
 
Երբ Աքաաբ թագավորի ընտանիքը շարունակ անօրենություններ էր գործում, եղավ մի օր, որ Եղիա մարգարեն ներկայացավ նրան և Աստծո կամքը հայտնեց: Նա ասաց, որ Իսրայելի պետության մեջ չի գա անձրև այնքան ժամանակ մինչև Աստված չկամենա: Սկզբում թագավորի համար այնքան էլ համոզիչ չեղավ այս խոսքերը, բայց երբ ամիսներ շարունակ ոչ մի կաթիլ անձրև չեկավ, սա լուրջ մտածելու տեղ տվեց թագավորին: Մտահոգ թագավորը հրաման տվեց գտնել մարգարեին և պատժել, քանի որ նա է երաշտի և դրա հետևանքով առաջացաց կորուստների մեղավորը: Իհարկե, թագավորին չհաջողվեց գտնել մարգարեին, քանի որ նա Աստծո հրամանով թաքնվեց և կերակրվեց այդ ողջ ընթացքում: Երեք ու կես տարի ընդհանրապես անձրև չտեղաց Իսրայելի պետությունում: Որոշ ժամանակ անց մարգարեն Աստծո հրամանաով գնաց և ներկայացավ թագավորին՝ մեղադրելով նրան ժողովրդի մեջ կռապաշտություն սերմանելու մեջ:
 
 
Աստծո զորությունը ցույց տալու համար Եղիա մարգարեն Կառմելոս լեռան վրա հավաքեց Բահաղի մոտ 7-8 հարյուր մարգարեների և ինքը ներկայացավ, որպես Աստծո մարգարե: Բահաղի մարգարեները դիմեցին իրենց կուռքին, բայց ոչ մի արձագանք չեղավ երկնքից, իսկ երբ Եղիա մարգարեն մորթեց զոհը և դրեց զոհասեղանին և ձեռքերը երկինք պարզած աղաչեց, ի պատասխան Աստված երկնքից կրակով պատասխանեց: Այս տեսնելով բոլորը հասկացան, որ ամենակարող Աստված իր կամքն է արտահայտել Եղիա մարգարեի միջոցով: Աստվածային այս հրաշքը տեսնելուց հետո Եղիան հրահանգեց, որ Բահաղի բոլոր սուտ մարգարեներին պետք է քարկոծելով սպանել: Այդ ամենից հետո նա դիմեց թագավորին և ասաց արագ նստիր կառքդ և հեռացիր, որովհետև շուտով անձրև է տեղալու և այդպես էլ եղավ: Սակայն, Հեզաբել թագուհին չհանգստացավ, այլ բանագնաց ուղարկեց Եղիայի մոտ՝ նրան սպանելու նպատակով: Թագուհու դավադրանքներից խուսափելու համար մարգարեն հեռացավ Կարմելոս լեռը և շարունակեց այնտեղ ապրել: Եղիա մարգարեն մահ չտեսավ այս երկրի վրա, որովհետև Աստծո կամքով նա մարմնով վեր բարձրացավ դեպի երկինք։
Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված։ Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է հոգեգալստին հաջորդող կիրակի օրը։
  • 2021-08-20
×