Տնտեսի կիրակի

Տնտեսի կիրակի

«Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16:9)

 

 

Մեծ Պահքի չորրորդ կիրակին անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով կոչվում է Տնտեսի:

 

Անիրավ տնտեսի առակում պատմվում է, որ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Նրա մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր իրոջ պարտապաններին՝ թեթևացնում էն նրանց պարտքերը մասնակիորեն:

 

 

Թեև տնտեսն անիրավ էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը զայրանալու փոխարեն գովեց նրան:
Բոլորը, այդ թվում և մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ այս է պատճառը, որ տարօրինակ է թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի անիրավությունը, այլ գործելակերպը:

 

 

Քրիստոս առակի հաջորդ հատվածում ասում է. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16:9): Նշենք, որ մամոնա բառն ասորերեն կամ արամերեն արմատից է և նշանակում է ունեցվածք, հարստություն:

 

 

Առակի խորհուրդը հենց սա է. ունենալ հոգևոր արթնություն, ամեն ժամ պատրաստ լինել Տիրոջ անսպասելի այցին, չհետաձգել բարի գործերը և կամովի չհակվել դեպի մեղքը՝ հուսալով, թե կարելի է հետագայում ապաշխարել: Այսպիսի գիտակցություն ունեցողին Տերն անվանում է «հավատարիմ և իմաստուն տնտես» (Ղուկաս 12:42):

 

 

Այս կիրակին հուշում է պահքին միավորել ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր, քանի որ «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):

 

 

 

Անիրավ տնտեսի առակը 
(Ղուկ. 16: 1-8)

 

 

Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»:  Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունս ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ, ընդունեն ինձ իրենց տները»։ Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»։ Եվ սա ասում է՝ «Հարյուր տակառիկ ձեթ». և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն»։ Ապա դարձյալ մյուսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես», և սա ասաց՝ «Հինգ հարյուր պարկ ցորեն»։ Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարյուր»։ Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ։

  • 2021-08-20
×