«Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ Խոր Վիրապում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների հիշատակության օրը նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Այն հայոց առաջին հայրապետի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում:
Անակ Պարթև իշխանի որդին՝ Գրիգորը, մեծացել և կրթվել էր Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա, քանի որ Կեսարիան համարվում էր ժամանակի քրիստոնեական կենտրոններից մեկը: Նա 22 տարեկանում ամուսնացել է Մարիամ անունով մի աղջկա հետ, ունեցել երկու զավակ՝ Արիստակես և Վրթանես, սակայն ավելի ուշ, իր կնոջ համահաճությամբ, թողել է ընտանեկան կյանքը՝ հանուն քրիստոնեության քարոզչության։
Հետագայում, երբ դարձավ Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը, կրկին հավատարիմ էր մնում իր դավանանքին: Տրդատն էլ, իր հերթին, հավատարիմ ու պաշտպան էր իր նախնիների աստվածներին և թշնամի էր քրիստոնեության: Սակայն մի հաղթանակից հետո, Անահիտ աստվածուհու մեհյանում կազմակերպված խնջույքի ժամանակ տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև իր հորը սպանած Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: Տրդատը հրամայել էր, որ Գրիգորն էլ հաղթանակի պսակ նվիրի Անահիտ աստվածուհուն, սակայն վերջինս առաջին անգամ մերժել էր կատարել արքայի հրամանը։ Ահա Տրդատն է, տեսնելով այս ամենը, շարունակեց պարտադրել իր հրամանը նախ հորդորներով, խնդրանքներով, ապա տանջանք ու տառապանք պատճառելով։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը վիրապում մնաց 13 տարի՝ կրելով բազում չարչարանքներ։ Այդ տարիների ընթացքում նա իր վրա զգում էր Աստծո լույսը և ողորմածությունը։ Աստված Գրիգորին չլքեց այդ դժվար օրերում՝ տալով նրան ուժ և համբերություն՝ չարչարանքները կրելու համար։
Վիրապից դուրս գալով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սկսեց քարոզել քրիստոնեությունը, տարածել քրիստոնեության լույսը՝ դառնալով Հայ Եկեղեցու առաջին հովվապետը։ Մութ զնդանում անցնելով այդ ահռելի փորձությունը՝ նա չկորցրեց Աստծո նկատմամբ հավատը, վառ պահեց այն քրիստոնեական լույսը, որ կրում էր իր մեջ, և որը լուսավորում էր մութ զնդանի խավարը։ Չարչարանքները ոչ թե թուլացրին, այլ առավել ամրացրին նրա հավատը, նա ոչ միայն հաղթեց խավարին, այլ նաև դարձավ քրիստոնեական լույսի աղբյուր շատերի համար։ Անգամ դարերի հեռավորությունից՝ այսօր էլ կա և մնում է այդպիսին։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեծ հարգանք և սեր է վայելում ոչ միայն հայ, այլ նաև քրիստոնյա մյուս եկեղեցիներում: Նրա հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքը
Փրկի՛չ աշխարհի Քրիստոս, աղաչում եմ Քեզ, նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ բազում անօրենություններից, քանզի անարգեցի բոլոր բարիքները, որ շնորհեցիր ինձ իմ մանկությունից ի վեր: Ինձ՝ տխմարիս, տգետիս եւ հիմարիս, դարձրեցիր գիտությամբ լի անոթ, Քո շնորհն առատացավ իմ մեջ, հագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարավը, լուսավորեց իմ խավարած միտքը, թափառումներից հավաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը: Այժմ երկրպագում եւ աղաչում եմ՝ ծունկի գալով հայցում՝ վկայելով Քո բարերարության մասին. կատարի՛ր ինձ համար Քո շնորհի խոստումը եւ պահի՛ր այն Քո գանձի մեջ, որպեսզի դարձյալ տաս ինձ այն Օրը:
Մի՛ բարկանա ինձ վրա, Մարդասե՛ր, քանզի չեմ դիմանում Քո սպառնալիքներին: Ուստի թախանձելով աղաչում եմ, քանզի չափից առավել առատացավ շնորհն իմ մեջ, քանի որ լեզուս տկարացավ՝ չկարողանալով խոսել Քո շնորհի մասին: Սարսափեց նաեւ իմ միտքը՝ չտանելով նրա ալիքների բազմությունը:
Օրհնված Հորդ կերպարա՛նք եւ ճառագա՛յթ, դադարեցրո՛ւ դեպի ինձ եկող շնորհի հոսանքները, քանզի ինչպես բորբոքված հուր բոցակիզում են իմ երիկամներն ու սիրտը: Հետո այնտեղ դարձյալ պարգեւի՛ր ինձ այն եւ պահի՛ր ինձ Քո արքայության մեջ, մի՛ հիշիր իմ անօրենությունները, հանդգնում եմ հայցել՝ տո՛ւր ինձ իմ խնդրածները, եւ Հայտնության Օրն իմ օթեւանը թող օրհնվի Քո Հոր կողմից: Շնորհի՛ր ինձ, Քրիստո՛ս, իմ հայցվածերը, քանզի միայն Դու ես ինձ կյանք տվողը:
Եվ Քեզ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն: