Աստվածային հրամանի համար չկան արգելքներ

Աստվածային հրամանի համար չկան արգելքներ

Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված նրա հետ, մինչև անգամ Ղազարոսի մահը հուզեց Նրան:

 

 

Երբ Հիսուս լսեց իր բարեկամ Ղազարոսի հիվանդության լուրը, Իր աշակերտներին ասաց, որ այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ ծառայելու է Աստծո փառքին. «Հա՛յր, գիտեմ, որ միշտ լսում ես Ինձ, բայց ինչ որ այժմ ասում եմ, շուրջս գտնվող ժողովրդի համար եմ ասում, որպեսզի նրանք հավատան, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ»: Այս ասելով՝ Նա բարձրաձայն կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը ելավ՝ ոտքերն ու ձեռքերը պատանքով փաթաթված և երեսը վարշամակով ծածկված: Հիսուսն ասաց նրանց. «Քանդեցե՛ք պատանքը և թողե՛ք, որ գնա»: Հրեաներից շատերը, տեսնելով այս հրաշքը, հավատացին Քրիստոսին:

 

 

Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ Փրկիչը, հաճախ զրուցելով աշակերտների հետ Իր չարչարանքների մասին, տեսնում էր, որ նրանք քարանում են և սարսափում այդպիսի բառերից: Այս պատճառով էլ, երբ մոտենում են չարչարանքները և խաչը պատրաստ էր վեր բարձրացվելու, Հիսուս հարություն է տալիս մահացած Ղազարոսին, որպեսզի Իր գործով սովորեցնի ներկաներին, որ խաչն ու մահը տկարության հետևանք չեն: Խաչ բարձրացվելու նախաշեմին, ըստ արժանվույն Նա թուլացնում է աշակերտների վախը և ցույց է տալիս, որ ուրիշին շնորհածն ու պարգևածը հեշտությամբ կիրականացվի Իր կողմից և Իր համար:

 

 

Տերը հրեաների ներկայությամբ բաց է անում գերեզմանը, որպեսզի այս հրաշքի ավետաբերներ դարձնի նրանց, ովքեր հետապնդում և հալածում էին Իրեն: Վերջապես աղոթքով և երկնավոր Հոր կոչով, արթնացնում է Ղազարոսին, որպեսզի չթվա, թե իբր Հիսուս ապստամբում է Արարչի օրենքների դեմ: Քրիստոս չասաց` Ղազարո՛ս, կենդանացի՛ր, այլ՝ Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի, որպեսզի սովորեցնի ներկաներին, որ Ինքը Նա է, ով չեղած բաները գոյության է կոչում, որպեսզի ցույց տա ներկա գտնվողներին, որ Նա ողջերի Աստվածն է և ոչ թե մեռածների:

 

 

«Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»,- սա ասվեց հավաքվածների հավատքն ավելացնելու և ամրապնդելու համար:

 

 

 «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի», և նա, քայքայված լինելով ոտքի ելավ, փտած լինելով զգաց, ննջեցյալ լինելով ենթարկվեց, կապված լինելով վազեց, և նա, ում համար ողբում էին, վեր ելավ, և Ղազարոսի գերեզմանի բացվելու հետ բացվեց նաև Քրիստոսի զորությունը: Ղազարոսի հարությամբ ցույց տրվեց պարտություն կրած մահն ու փափագելի հարությունը:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-08-20
×