Լույսից դեպի լույս․ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

Լույսից դեպի լույս․ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12։24-25):

 

 

Այսoր 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է։ Հենց այդ իրադարձությունն էլ սկիզբ է դրել հայոց մեծ դարձի։ Հայոց Տրդատ թագավորն, ըստ ավանդության, հրամայել էր չարչարանքներով սպանել Հայաստան եկած քրիստոսասեր կույսերին՝ այդ թվում  Հռիփսիմեին և Գայանե մայրապետին։

 

 

Այդ հրամանից հետո, Աստծո կամոք, նա ենթարկվեց սարսափելի պատժի՝ կորցրեց մարդկային կերպարանքն ու նմանվեց վայրի խոզի։ Այդ շրջանում թագավորի քրոջը երևաց մի լուսեղեն տեսիլք և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»:

 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչն աքյդ ժամանակ արդեն 13 տարի է՝ փակված էր Խոր Վիրապում՝ Տրդատի հրամանով։ Եվ այսպես եղավ, որ թագավորի քրոջ հորդորով, 13-ամյա բանտարկությունից հետո ազատ արձակվեց հայոց մեծագույն սուրբը: Արքան ապաքինվեց՝  Սուրբ Գրիգորի աղոթքներով։ Եվ նա, որ մինչ այդ կռապաշտ էր, այժմ քրիստոնեության հետևորդը դարձավ, քրիստոնեությունը  հռչակեց հայոց պետական կրոն:

 

 

Վաթսունվեց օր Սուրբ Գրիգորը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը: Թագավորն ու մեծամեծները նույնպես մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը, որից հետո պահք պահեցին: Սուրբ Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ լույսով, և նրանց մղել հոգևոր վերածնունդի: Եվ հենց հայ ժողովրդին հեթանոսական խավարից քրիստոնեության լույսին դարձնելու համար էլ Սուրբ Գրիգորն անվանվեց Լուսավորիչ։

 

 

Քարոզչության վերջին օրը նրան հայտնվեց Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով․ աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը: Այդ է պատճառը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից ելնելու տոնի հաջորդ օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:

 

 

Պարզ է, որ մութ վիրապում 13 տարի անցկացրած Լուսավորիչը բնավ խավարից չէր վերադարձել, այլ եկել էր քրիստոնեական լույսից՝ դեպի շոշափելի լույսը։ Մութ վիրապից դուրս գալով էլ նա պետք է դառնար Լույսը քարոզող և տարածող։ Աստված մշտապես ներկա էր Լուսավորչի գործերում, մշտապես ուղեկցում էր նրան և պահպանում անգամ մութ վիրապում, որպեսզի հետագայում լույս դարձնի։ Եվ նրա բերած Լույսը մինչ այսօր չի խամրել, որքան էլ որ ենթարկվել է բազում փորձությունների։ Նա հենց այն ցորենի հատիկն էր, որ ընկավ հողի մեջ և պտուղներ տվեց։

 

 

Լուսավորիչը ցույց տվեց ամենքին իրական, լուսավոր ուղին՝ ևս մեկ անգամ ապացուցելով այս խորհուրդը․  «․․․Դուք բոլորդ լուսո որդիներ եք և ցերեկվա որդիներ: Գիշերինը չենք, խավարինը չենք: Ուրեմն չքնենք մնանք, ինչպես՝ ուրիշները, այլ արթուն և զգաստ լինենք.  Որովհետև, ովքեր ննջում են, գիշերն են ննջում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում. իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթո՛ւն լինենք և սիրո ու հավատի զրահները հագնենք և փրկության հույսի սաղավարտը դնենք». (Ա Թես.5։5-8)։

  • 2021-08-20
×