Սուրբ Նունե և Սուրբ Մանե

Սուրբ Նունե և Սուրբ Մանե

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերին

 

 

Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերը Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, ովքեր ենթարկվեցին Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին։ Հռոմից նրանք անցնում են Եգիպտոս, այնտեղից՝ Երուսաղեմ։ Երուսաղեմում տեսիլքով կույսերին է երևում Տիրամայրը՝ պատվիրելով նրանց գնալ Հայաստան։ Ճանապարհին կույսերից ոմանք մնացին Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք՝ Վարագա վանքի մոտ։ 

 

 

Նրանցից Սուրբ Նունեն հասավ մինչև Վրաստան՝ Մցխեթ, որտեղ և քարոզեց քրիստոնեություն: Մովսես Խորենացին գրում է. «Մի կին, Նունե անունով, սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում հասնում է Վրաց աշխարհը»:

 

 

Ըստ ավանդության,  նա բժշկել է նաև վրաց Նանա թագուհուն, Միհրան թագավորի հիվանդ զավակին՝ նրան խաչակնքելով։ Թագուհուն նույնպես քարոզել է քրիստոնեությունը, իսկ վրաց Միհրան թագավարը սեփական մաշկի վրա է զգացել Աստծո զորությունը և դարձի եկել։ Նա մի օր որսի ժամանակ թանձր մառախուղի պատճառով կորցնում է ճանապարհը: Օգնության է կանչում իրենց հեթանոս աստվածներին, սակայն օգուտ չի լինում: Հանկարծ հիշում է իր կնոջը բժշկած Աստծուն և Նրա օգնությանը դիմում՝ խոստանալով այդ վտանգավոր վիճակից ազատվելու դեպքում հավատալ և ընդունել Քրիստոսին: Հանկարծ անթափանց մշուշը իսկույն ցրվում է՝ փրկելով արքայի կյանքը։ Պալատ վերադարձից հետո Միհրանը և կինը գնում են Նունեի մոտ և լսում նրա քարոզը Քրիստոսի մասին: Ապա թագավորը ևս ընդունում է քրիստոնեությունը։

 

 

Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն»-ում կարդում ենք. «Իսկ երանելի Նունեն հավատարիմ մարդիկ խնդրելով` ուղարկեց Սուրբ Գրիգորի մոտ, թե ինչ կհրամայի այնուհետև անել, որովհետև վրացիները հոժարությամբ ընդունեցին Ավետարանի քարոզությունը»: «Իսկ երանելի Նունեն այնտեղից գնաց, որ Վրաստանի մյուս գավառներին էլ քարոզի իր անապական լեզվով, շատ հասարակ կերպով շրջելով, առանց որևէ ավելորդի, աշխարհից և աշխարհային ամեն բանից հրաժարված, ավելի ճիշտ խոսելով` խաչվելով, կյանքը դարձնելով մահվան կրթության միջոց», – շարունակում է  Խորենացին:

 

 

Նունեն համարվում  է Վրաստանի լուսավորիչը և պահապան սուրբը։ Նրա անվան վրացական ձևը՝ Նինո, մինչ այժմ էլ հայտնի և սիրված է վրացիների շրջանում։

 

 

Իսկ  Սուրբ Հռիփսիմյանց կույսերից Մանեն մնում է Հայաստանում և բնակություն հաստատում Բարձր Հայք նահանգի Եկեղյաց և Դարանաղյաց գավառների սահմանում գտնվող Սեպուհ լեռան մի քարայրում: 

 

 

Սուրբ Մանե կույսը աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Պահպանվել է պատմություն՝ Սուրբ Մանեի կյանքի վերջին օրերի մասին։  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը,  ծերանալով և ցանկանալով ճգնել առանձնության մեջ, գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը,  ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Սուրբ Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` Հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով և օրհնությամբ թաղում է նրան նույն քարայրում: 

 

 

Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերը ճանաչեցին Աստծուն և հանուն Նրա, հանուն հավատի ենթարկվեցին բազում փորձությունների ու կտտանքների՝ ոչ մի վայրկյան ետ չկանգնելով իրենց ճշմարիտ ուղուց։ Նրանք ոչ միայն տեսան և ճանաչեցին Աստծուն, այլ նաև քարոզեցին և այլոց էլ ցույց տվեցին արդար, քրիստոնեական ուղին։

 

 

Սուրբ Մանե և Սուրբ Նունե կույսերի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:

  • 2021-08-20
×