Ինչպես բոլորիս է հայտնի, Ս. Ներսես Մեծ կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչի ծոռն էր: Շատ ուշիմ և բանիմաց երիտասարդ էր, ով կրթություն ստացավ իր պապի՝ Հուսիկ կաթողիկոսի շնչի ներքո, այնուհետև ուսանեց Կեսարիայի դպրոցներում և այսկերպ սկսեց կերտել իր պատմությունը:
Երբ Արշակ II-ի գահակալման երկրորդ տարում՝ 352 թ.-ին, մահանում է Փառեն կաթողիկոսը, եպիսկոպոսները, թագավորը և նախարարները ժողով են գումարում: Արշակ II-ը ցանկանում էր կաթողիկոսի պաշտոնում տեսնել հավատարիմ և վստահելի անձնավորության։ Ուստի, կաթողիկոսական աթոռին ամենահարմար թեկնածուն էր Մեծն Ներսեսը:
Պատմում են, որ Ներսեսը սկզբում շատ է հակառակվում՝ իրեն անարժան համարելով, սակայն Աստծո կամքին հակառակ չգնալու համար համաձայնում է՝ պայման դնելով, որ ինքը անաչառորեն պետք է հանդիմանի հանցագործներին և Աստծո պատվիրանների դեմ հակառակ գործողներին:
Իր կաթողիկոսության տարիներին նա լինում էր Հայոց աշխարհի բոլոր ավերված տեղերում, խնամում ու մխիթարում էր, դարմանում ու պահպանում էր բոլոր աղքատներին: Բորոտների և աղքատների համար ապաստարաններ էր կառուցում։ Ամեն տեղ եկեղեցիներ էր կառուցում, ավերվածները նորոգում:
Երբ Պապը Ս․ Ներսես հայրապետին սպանեց, բոլորը խոր տրտմության մեջ ընկան։ Հայոց աշխարհում բոլորը խոսում էին և ասում. «Հայոց փառքը կորավ, Աստծու արդարը մեր աշխարհից վերացավ»։ Իշխաններն ու նախարարներն էլ ասում էին. «Այժմ գիտենք, որ մեր աշխարհը կորավ, որովհետև անմեղ տեղը արդար արյուն թափվեց, մանավանդ, որ նա աստծու համար մեռավ»։
Ներսես Մեծ կաթողիկոսի հետ հիշատակում են նաև Խադ եպիսկոպոսին, ով եղել է Ներսես Մեծ Հայրապետի հավատարիմ գործակիցը գրեթե բոլոր ասպարեզներում։ Նա ավագ սարկավագ էր։ Երբ Ներսես Մեծը հարկադրված էր հեռանալ Հայաստանից, Խադին ձեռնադրում է եպիսկոպոս և նշանակում կաթողիկոսական տեղապահ։ Սուրբ Խադի հասցեին հնչում էին բազում քննադատություններ՝ որպես ձի հեծնող և շքեղ հանդերձներ կրող։ Այս ամենի պատճառով նա հրաժարվում է այդ բաներից և մինչև իր կյանքի վերջը խարազնազգեստով շրջում: Սուրբ Խադի մասին ասվում է, որ եղել է շատ աղքատասեր և ողորմած, գործել է բազմաթիվ հրաշքներ ու բժշկել հիվանդներ։