Սուրբ Կոստանդիանոս Մեծը ծնվել է 275 թվականին, այժմյան Հարավսլավիայի Նիշ քաղաքում: Նա է, որ Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Բացի հալածանքներից ազատելուց՝ նա նաև հովանավորել, պետական աստիճանի է բարձրացրել Եկեղեցին նախ Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրություններում՝ Միլանի հրովարտակով քրիստոնեությունը տերության մեջ եղած մյուս կրոններին հավասար թույլատրելի կրոն հռչակելով։
Նրա օրոք՝325 թվականին, տեղի է ունեցել Նիկիայի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին։ Այս քայլով կայսրը միավորել է արիոսականների պատճառով պառակտված եկեղեցին։ Մեծ է նրա դերը նաև Երուսաղեմում և Բեթղեհեմում եղած տաճարների շինության հարցում․ դրանք կառուցվել են նրա աջակցությամբ։
Մի հետաքրքիր պատմություն կա՝ կապված կայսեր և նրա հզոր հավատի հետ։ Իր զորավար հոր մահից հետո Անգլիայում Կոստանդիանոսը բանակի կողմից հռչակվում է կայսր հռոմեական կայսրության արևմտյան մասի իր բաժնի համար: Կոստանդիանոսն աշխարհի մեծագույն զորավարներից մեկը և այն եզակի կայսրերից է, ով երբեք պատերազմներում պարտություն չի կրել: Եվ երբ մի անգամ իր զորքով մոտենում է Հռոմին՝ ճակատամարտելու, ճանապարհին երկնքում տեսնում է խաչի նշանը և լսում՝ «Այս նշանով կհաղթես»: Նա հրամայում է դրոշների վրա դնել խաչի նշանը և ջախջախիչ հաղթանակ տանում հակառակորդի դեմ։
Հետաքրքրական է, որ կայսրը մկրտությունն ընդունել է մահվան մահճում, քանի որ ցանկացել էր ինչպես Քրիստոսը, մկրտվել Հորդանան գետում, սակայն չէր հաջողվել։
Սուրբ Կոստանդիանոս կայսեր հետ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է նաև նրա մորը՝ Հեղինեին, ով բոլոր քրիստոնեանպաստ գործերում իր որդուն ոգևորողն էր ու գործակիցը: Հեղինե թագուհուն է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Իսկ պատմությունը հետևյայլն է․ Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդության համաձայն՝ բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է՝ ի տես հավատացյալների: Հեղինե թագուհին Երուսաղեմում և շրջակայքում կառուցել է տվել եկեղեցիներ և մատուռներ, ինչպես նաև կուսանոցներ:
Սուրբ Կոստանդիանոս կայսրը և Հեղինե թագուհին մեզ ուսուցանում են, որ ինքներս էլ՝ լինելով աշխարհիկ, կարող ենք մեր ներդրումն ունենալ Եկեղեցու զարգացման հարցում։ Նրանք, ում տրված է իշխանություն, Եկեղեցին կարող են շենացնել զանազան կերպերով, մինչդեռ այլք, կարող են արտահայտել իրենց «ներդրումը» իրենց անսպառ ու անսասան հավատով՝ առ Տերը։ Չէ՞ որ հենց հավատն է Եկեղեցու ամենակարևոր հիմքը՝ մարդկանց սրտերից բխող, անկեղծ ու հաստատուն հավատը։