Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց ամենամեծ սրբի` Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոն ունի` Լուսավորչի մուտն ի վիրապ, Լուսավորչի ելն ի վիրապ և Գյուտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Սրանցից ամենանշանավորը, թերևս, Գյուտ նշխարացն է, որը տոնվում է Հոգեգալստից հետո՝ չորրորդ շաբաթ օրը:
Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցել է ժողովրդից հեռու և անտես: Նրա` բոլորին քաջ հայտնի առանձնակեցությունն անցնել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել է Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Սուրբ Գրիգորը երբեմն-երբեմն թողնում էր քարայրը և այցելում ժողովրդին: Թերևս նրա վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու` Արիստակեսի` 325 թ. Առաջին տիեզերական ժողովից վերադառնալու հետ:
Մովսես Խորենացին վկայում է. «Թեպետ և նա այնտեղ բնակվեց, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում էր, շրջում էր մեր աշխարհում, աշակերտածներին հաստատում էր հավատի մեջ»:
Ավանդության համաձայն, հովիվները Սեպուհ լեռան վրա շրջելու ժամանակ մի քարանձավի մեջ տեսնում են ծերունու` կռթնած իր գավազանի վրա` բազուկները տարածած ու անշնչացած: Նա նույն այրում էլ թաղվում է հովիվների ձեռքով, ովքեր չճանաչելով կաթողիկոսին` նրա մարմինը ծածկում են քարակույտով:
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների մեծ մասը Թորդանից տեղափոխվել և ամփոփվել է Զվարթնոցում: Այնուհետև նշխարները տարվել են Կոստանդնուպոլիս: Նրանց հիմնական մասը հայ կույսերը VIII դարի վերջին փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաք, որտեղ հետագայում, ի պատիվ Գրիգոր Լուսավորչի, կառուցվել է Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցին՝ կուսանոցով:
Ցավոք հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Նրա Սուրբ Աջը, որը պահվում է Սուրբ Էջմիածնում, եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը, ինչպես և անանց գանձն ու զորությունը: Քրիստոսի սուրբ Խաչափայտի և սուրբ Գեղարդի մասունքների հետ այն սուրբ մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է: Ըստ որոշ տեղեկությունների` 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կոստանդնուպոլիս և Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը, որով լուսավորվեց Հայոց աշխարհը: