Այսօր Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրն է
Սուրբ Դանիել մարգարեն Հին Կտակարանի չորս մեծ մարգարեներից է, ով արժանացել է բազում աստվածատուր տեսլիքների, որոնց մասին գրված է նրա մարգարեության գրքում։ Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից, և այն հրեաներից է, որ գերի էին տարվել Բաբելոն։ Լինելով իմաստուն և փոքր տարիքում դաստիարակություն ստանալով բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում՝ իր խելքի ու օժտվածության շնորհիվ արժանացել է բարձր պաշտոնի։
Դանիել մարգարեն Շուշան անունով անմեղ մի կնոջ փրկում է երկու վատաբարո ծերունիների անհիմն ամբաստանությունից: Նա նաև մեկնում է Նաբուգոդոնոսոր արքայի երազը, որն ուրիշ ոչ ոք նրանից առաջ չէր կարողանում բացատրել՝ այդպիսով համբավ վաստակելով ողջ երկրում: Սակայն համբավից բացի՝ նա նաև ձեռք է բերում պալատականներից որոշների նախանձը, ովքեր, ցանկանալով Դանիելին վնասել, մեղադրում են նրան ուրիշ աստվածների պաշտելու մեջ և պահանջում թագավորից առյուծների գուբը նետել նրան: Նետվելով այնտեղ՝ Դանիելը շարունակում էր պաշտել և աղոթել Աստծուն։
Հաջորդ օրը, երբ արքան գալիս է գուբի մոտ՝ սգալու իր սիրելի, իմաստուն և հավատարիմ Դանիելի մահը, կատարվում է անսպասելին․ ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Այսպիսով՝ Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ: Նաբուգոդոնոսոր արքան այս պատմությամբ երկյուղածություն է ձեռք բերում Աստծո հանդեպ։
Դանիել մարգարեի հետ արքունիքում դաստիարակվել, ապա իրենց հավատը պահպանել են նաև նրա երեք ընկերները՝ Անանիա, Ազարիա և Միսայել երիտասարդները, որ Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով։
Մի անգամ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր արքան վաթսուն կանգուն բարձրությամբ և վեց կանգուն լայնությամբ իր ոսկյա արձանն է կանգնեցնում և հրամայում, որ բոլորը գան, երկրպագեն դրան: Բնական է, որ իրենց հավատին հավատարիմ երեք երիտասարդները պետք է հրաժարվեին մասնակցություն ունենալ կուռքի երկրպագությանը։ Հրաժարվելու համար նրանք պատժվում են արքայի կողմից՝ նետվելով հնոցը։ Անգամ բորբոքված կրակով լի հնոցում նրանք չեն մոռանում, չեն ուրանում իրենց միակ Աստծուն, աղոթում, փառաբանում են Նրան և փրկվում՝ Տիրոջ հրեշտակի օգնությամբ։ Հնոցից հանելով՝ արքան և մյուսները տեսնում են, որ հրաշք է կատարվել․ չի վնասվել երիտասարդներից որևէ մեկի մազն անգամ։ Թագավորը փառավորում և ազատ է արձակում նրանց՝ երկրպագելով Աստծուն․ «Օրհնյալ է Սեդրակի, Միսակի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր Հրեշտակին և փրկեց իր ծառաներին, որովհետև նրանք հույս էին դրել նրա վրա, անարգել էին թագավորի խոսքը և մատնել իրենց մարմինը կրակին, որպեսզի չպաշտեն և չերկրպագեն բոլոր աստվածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն: Արդ, ես հրաման եմ տալիս. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները, որոնք կհայհոյեն Սեդրակի, Միսակի և Աբեդնագովի Աստծուն, կորստի պիտի մատնվեն, իսկ նրանց տները՝ հափշտակության, որովհետև չկա այլ Աստված, որ կարողանա այսպես փրկել» (Դանիել 4։95-96)։
Երեք երիտասարդների և Դանիել մարգարեի օրինակն ուսանելի է քրիստոնյաներիս համար, քանի որ բազում փորձությունների ենթարկվելով՝ նրանք ետ չկանգնեցին իրենց հավատից, իրենց Աստծուց։ Անգամ ամենադժվարին իրավիճակներում նրանք փառաբանեցին Աստծուն, որին ի պատասխան ստացան միայն բարին։ Նրանց օրինակին պետք է հետևենք ամեն օր, երբ ունենում ենք հուսահատությունների առիթ, երբ կասկածում ենք Աստծուն կամ հեռանում Նրանից։ Իրենց օրինակով՝ Դանիել մարգարեն և երեք երիտասարդները ցույց են տալիս, որ ոչինչ՝ նույնիսկ կյանքը, առավել չէ հավատից։