Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնն է
Հայոց մեծ դարձից՝ քրիստոնեության ընդունումից հետո Աստված նոր դարձ շնորհեց մեզ՝ տանելով լուսավորության։ Այս ամենը պատահական չէր, այլ միտված էր մեր ինքնության պահպանությանը։ Այսպիսով՝ հասունացավ և տեղի ունեցավ հայոց պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ հայ գրերի գյուտը։ Այս իրադարձության մեջ իրենց անգնահատելի դերն ունեն Սուրբ Սահակ Պարթև Հայրապետը, ով Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, և նախկինում արքունի դպիր, իսկ հետագայում հոգևորականության ուղին բռնած Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։ Հայ ժողովուրդը գրերի ստեղծման մասին հիշատակելիս չի մոռանում նաև Վռամշապուհ արքային։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցը մշտապես զգում էրհայ գրերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Սակայն տեսնելով ժամանակի հայկական նշանագրերը և ուսուցանելով դրանք իր աշակերտներին՝ զգում էր նաև դրանց անկատարությունը։ Ահա այսպես էր, որ առաջացավ հայկական կատարյալ գրեր ունենալու անհրաժեշտությունը, և հենց Սուրբ Մեսրոպն էր, որ իր ուսերին առավ գրերի ստեղծման պատասխանատու աշխատանքը։ Ճգնակեցությամբ նա, ինչպես Կորյունն է գրում՝ «Իր սուրբ աջով, հայրաբար ծնեց հայոց նշանագրերը»,որից հետո Սուրբ Սահակի հետ ձեռնամուխ եղան «Թարգմանությունների թագուհու»՝ Աստվածաշնչի կատարյալ թարգմանությանը։ Մաշտոցը դարձավ նաև հայերենի առաջին ուսուցիչը, իսկ նրա ավագ և կրտսեր աշակերտներն իրենց գիտելիքներով ճյուղեր տվեցին և տարածվեցին դարերով։
Այսօր նշելով Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի տոնը՝ պետք է փորձենք տեսնել և արժևորել նաև այն ոգին, որոնցով բոցավառված են եղել երկու սրբերը՝ իրենց սխրանքը կատարելու ճանապարհին։ Նրանք իրենց ողջ կյանքում ցույց են տվել, որ բոլոր դժվարությունները հաղթահարվում, իսկ նպատակներն իրագործվում են, եթե դրանց հիմքում աստվածային սերն է։ Մի պահ պատկերացնենք նրանց՝ բարին ճանաչող սերն առ Աստված, առ հայ ժողովուրդը։ Նրանք էին, որ տվեցին հոգևոր Հայաստանի տեսլականը՝ խաչ, սուր և գրիչ միասնությամբ՝ չզանազանելով մեկը մյուսից, այլ դարձնելով դրանք մեկ ամբողջություն։
Եվ շատ համեստ ու անպաճույճ է «թարգմանիչ» բառը, որով մենք այժմ կոչում ենք այս երկու սրբերին, քանի որ նրանց սխրանքը ոչ միայն սոսկ թարգմանության, գրերի ստեղծման, այլ ազգապահպանության, հայ ժողովրդի փրկության բանալին ամենքիս մատնանշելու մեջ է։ Իսկ այդ բանալին ոչ միայն գրերի ստեղծումն է, այլ նաև դրանց ճիշտ կիրառությունը, Սուրբ Գիրքը քարոզելը։ «Եվ հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի» (Հովհ․ 10։35),- ասված է Աստվածաշնչում՝ նկատի ունենալով Սուրբ Գիրքը։ Սակայն այս արտահայտությամբ կարելի է հասկանալ նաև գրավոր խոսքն ու ավանդը՝ ժառանգված դարերից։
Այսօր մենք պիտի գիտակցենք, որ այն ծառի ճյուղերն ենք, որոնց արմատները հաստատված են Աստծո ճշմարիտ խոսքի վրա՝ շնորհիվ Սուրբ Սահակ Պարթևի և Աուրբ Մեսրոպ Մաշտոցի։ Եվ մեր արարքները պետք է լինեն այդ կոչմանը համապատասխան։ Ուստի՝ փորձենք դառնալ նրանց գործի շարունակողը՝ կրելով մեր մեջ դարեր առաջ նրանց կողմից հաստատված առաքելությունը։